Հայտարարություններ

ՀՏՀԳ-ն հրապարակել է «Հենակետ» պաշտոնական դիզայն-համակարգը

апрель 05, 2024

«Հենակետ»-ը Հայաստանի պետական թվային ծառայությունների նախագծման պաշտոնական դիզայն-համակարգն է։ Դրա նպատակն է ապահովել նոր ստեղծվող թվային ծառայությունների դիզայնի միասնական մոտեցումները, մատչելիությունն ու օգտագործման պարզությունը։ 

Դիզայն-համակարգը ստեղծելու համար ուսումնասիրվել է ծառայությունների թվայնացման միջազգային լավագույն փորձը։ «Հենակետ»-ը մեծապես ստեղծվել է դանիական մոդելի մոտեցումներով (Դանիան ներկայումս առաջին տեղն է զբաղեցնում ՄԱԿ-ի թվային կառավարման վարկանիշներով):

Դիզայն-համակարգին կից ստեղծվել է նաև ձևանմուշների գրադարան, որում ներկայացված են տարբեր բաղադրիչներով կառուցված պատրաստի էջեր պետական կայքերում օգտագործելու համար։ Այն ներառում է նաև պարզ ուղեցույցներ «Հենակետ»-ի բաղադրիչները օգտագործելու վերաբերյալ։ 

Մենք հավատում ենք, որ «Հենակետ» դիզայն-համակարգն իրապես կնպաստի Հայաստանում մատուցվող հանրային ծառայությունների բարելավմանը և օգտատերերի գոհունակության բարձրացմանը։ Ինչպես նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Դանիայի թվայնացման գործակալության մեր գործընկերներին՝ աջակցության և խորհրդատվության համար: