Կիբեռանվտանգություն

Հայաստանը շարունակում է ամրապնդել կիբեռանվտանգության ոլորտում իր կարողությունները

апрель 14, 2026

Մեկնարկեց Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից կազմակերպված «Կիբեռանվտանգային ռիսկերի կառավարում» խորագրով 5-օրյա աշխատաժողովը, որի շրջանակներում Հայաստանում հյուրընկալվեցին Քարնեգի Մելլոն համալսարանի Ծրագրային ապահովման ճարտարագիտության ինստիտուտի ներկայացուցիչները։

Աշխատաժողովի նպատակն է պետական գերատեսչությունների, ակադեմիական համայնքի, կիբեռանվտանգության ոլորտի կազմակերպությունների և կրիտիկական ենթակառուցվածքների ներկայացուցիչների մասնակցությամբ և համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի ազգային կիբեռանվտանգային ռիսկերի կառավարման շրջանակի և համապատասխան կարողությունների զարգացման ծրագրի մշակմանը։

Աշխատաժողովի բացմանը մասնակիցներին ողջունեց և արդյունավետ ընթացք մաղթեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Նախարարի տեղակալն ընդգծեց, որ ռիսկերի կառավարումը ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություն է բոլոր ոլորտների համար։

Նրա խոսքով՝ առաջացող խնդիրներին հաճախ հնարավոր է արագ լուծում տալ, սակայն առավել էական է դրանց ժամանակին կանխատեսումն ու կանխարգելումը։ Աշխատաժողովն անցկացնում են Ջասթին Նովակը (Անվտանգային գործառնությունների ավագ հետազոտող) և Ջեյսոն Ֆրիկը (Կիբեռանվտանգության ավագ ճարտարագետ)։

ՀՏՀԳ տնօրեն Ներսես Երիցյանը, շնորհակալություն հայտնելով Քարնեգի Մելլոն Համալսարանի ներկայացուցիչներին, ընդգծեց, որ կիբեռանվտանգային ռիսկերի արդյունավետ կառավարումը հնարավոր է պատրաստվածության, համակարգման, երկարաժամկետ ռազմավարության և ազգային դիմակայունության առկայության դեպքում։ 

-Չափազանց կարևոր է համագործակցային էկոհամակարգի ձևավորման և զարգացման գրավականը համատեղ աշխատանքը, մասնագիտական բաց ու անկաշկանդ քննարկումներն ու փոխվստահությունն են,- նշեց նա։ 

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով պաշտոնյա Քրիստին Բուշբին։

Աշխատաժողովն անցկացնում են Ջասթին Նովակը (Անվտանգային գործառնությունների ավագ հետազոտող) և Ջեյսոն Ֆրիկը (Կիբեռանվտանգության ավագ ճարտարագետ  

Գործակալությունն ու Քարնեգի Մելոն Համալսարանը համագործակցում են ավելի քան 3 տարի։ Ծրագրային ճարտարագիտության ինստիտուտն աշխարհում առաջին CERT կենտրոններից մեկի հիմնադիրն է։ Ոլորտային բազում ուսումնասիրություններից զատ՝ ինստիտուտը նպատակ ունի աշխատելու մասնավոր հատվածի հետ՝ ներմուծելով նորարարություններ պետական սեկտորում:

Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնորդությամբ և իրականացվել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և Քարնեգի Մելլոն Համալսարանի կողմից։