Թվայնացում

Նախամրցութային շուկայի ուսումնասիրություն

январь 26, 2026

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը  (այսուհետ՝ Գործակալություն), նպատակ ունենալով խթանել Հայաստանի Հանրապետության թվային վերափոխումը՝ թվային լուծումների ներդրմամբ և լայնատարած օգտագործման ապահովմամբ, պետական ծառայությունների հասանելիությունն ու որակը բարձրացնելու նպատակով իրականացնում են  նախամրցութային շուկայի ուսումնասիրություն (market sounding)՝ արհեստական բանականության հիմքով աշխատող զանգերի և չաթերի կենտրոնի հնարավոր լուծումների, տեխնիկական մոտեցումների և շուկայի ընդհանուր կարողությունների գնահատման նպատակով։

Նշված փուլում որևէ գնման ընթացակարգ մեկնարկած չէ։

Կից ներկայացնում ենք նշված լուծումների համար մշակված տեխնիկական առաջադրանքի նախագիծը՝ քննարկման և մասնագիտական կարծիքների հավաքագրման նպատակով։

Այս նպատակով, հրավիրում ենք ներկայացնելու Ձեր առաջարկներն ու դիտարկումները՝ մասնավորապես հետևյալ ուղղություններով

  • հնարավոր տեխնիկական լուծումներ և մոտեցումներ,
  • նմանատիպ համակարգերի ներդրման փորձ (եթե առկա է),
  • տեխնիկական իրագործելիության հետ կապված նկատառումներ,
  • հնարավոր ռիսկեր, սահմանափակումներ և զարգացման հնարավորություններ, որոնք կսահմանափակեն Ձեր մասնակցությունը մրցույթին,
  • այլ առաջարկներ։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ սույն նամակը չի հանդիսանում մրցույթի հայտարարություն, առաջարկ ներկայացնելու հրավեր կամ որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն ստեղծող փաստաթուղթ։ Տրամադրվող տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես ներքին վերլուծության, պահանջների հստակեցման և ծրագրի նախապատրաստման նպատակներով և չի կարող ազդել ապագայում հնարավոր մրցութային գործընթացներին մասնակցելու իրավունքների վրա։

Քննարկումը կկայանա հունվարի 30-ին, ժամը 17:00-ից մինչև 19:00-ը (GMT+4)։ Այն կանցկացվի խառը ձևաչափով մասնակիցները կարող են մասնակցել ինչպես առկա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխամասում (Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3), այնպես էլ առցանց ձևաչափով։

Քննարկմանը գրանցվելու և առցանց մուտքի հղումը ստանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծառայություն մատուցող կազմակերպության յուրաքանչյուր ներկայացուցիչ պարտավոր է գրանցվել առանձին՝ քննարկմանը մասնակցելու համար: Եվ անձամբ, և առցանց մասնակցության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 490626:

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում Ձեր ժամանակի և համագործակցության համար։