Հայաստանի ազգային փոխգործելիության հարթակ․ հիմնարար և սկզբնաղբյուր տվյալների վստահելի փոխանակում

Տվյալների փոխանակման գծապատկեր սկզբնաղբյուրների միջև

Փոխգործելիության հարթակի ստեղծման նախապատմությունը

Հայաստանի թվային ճարտարապերության համատեքստում պետական մարմինների սերտ համագործակցությունը վստահության վրա հիմնված թվային հասարակության առանցքային հիմնասյուներից մեկն է: Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը համագործակցում է ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի կառույցների հետ՝ ապահովելու փոխգործելիությունն և հիմնարար ու սկզբնաղբյուր տվյալների անվտանգ փոխանակումը «միայն մեկ անգամ» սկզբունքի պատշաճ կիրառմամբ։

Տվյալների փոխանակման գծապատկերը փոխգործելիության միջոցով

«Միայն մեկ անգամ» սկզբունք․ տվյալների անվտանգ փոխանակումն անհրաժեշտ պահին

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության փոխգործելիության թիմն աշխատում է էստոնական X-Road փոխգործելիության հարթակի տեղայնացման ուղղությամբ։ Սա հաջորդ սերնդի փոխգործելիության հարթակ է, որը, ի դեպ, հասանելի է բաց ծրագրաշարով։ Հարթակը ենթադրում է՝

  • պետական մարմինների միջև տվյալների անվտանգ փոխանակման ապակենտրոնացված մոդել՝ հիմնված վստահության վրա,
  • տվյալների փոխանակման գաղտնիության ապահովում անվտանգության սերվերների գործունեության հատուկ ընթացակարգերի միջոցով,
  • տվյալների ամբողջականության ապահովում դրանց փոխանակման գործընթացի առանցքային կետերում հաղորդագրությունների լոգավորման (գրանցման) միջոցով։

X-Road. Էստոնիայում տվյալների փոխանակման միասնական հարթակն է, որը ներառում է տարբեր տվյալների շտեմարաններ և տեղեկատվական համակարգեր: X-Road-ը ապահովում է բազմաթիվ մարմինների միջև տվյալների անվտանգ և արդյունավետ փոխանակումը փոխգործելիության սկզբունքով՝ վերացնելով միևնույն տվյալը մի քանի անգամ ներկայացնելու անհրաժեշտությունը: Հարթակը պետական գերատեսչություններին, մասնավոր ընկերություններին և քաղաքացիներին թույլ է տալիս կիսվել տեղեկատվությամբ՝ պահպանելով տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը: Հենց X-Road-ի գործարկումն էլ ապահովել է թվային ավելի արագ ու որակյալ ծառայությունների մատուցումը։

Ինչպես շատ երկրներ, Հայաստանը նույնպես բախվում է հսկայական մարտահրավերների՝ արդիականացնելու իր կառավարման ենթակառուցվածքները: Այդ ամենը բնութագրվում է պետական գերատեսչությունների միջև տվյալների մասնատված համակարգերով, որոնք խոչընդոտում են արդյունավետ համագործակցությունը և տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը: Ավելին, կիբեռանվտանգության սպառնալիքները փոխկապակցված աշխարհում ավելի ու ավելի մեծ են դառնում, ինչը պահանջում է լուրջ միջոցներ՝ պաշտպանելու զգայուն տեղեկատվությունը:

 

X-Road-ի ներդրման կարիքը Հայաստանում

Տվյալների մասնատում և սիլոսներ – Պետական մարմինների ներսում տվյալների տարբեր համակարգերի գործունեությունը հանգեցրել է տվյալների մասնատման, ինչը խոչընդոտում է տեղեկատվության անխափան հոսքին և կառավարության կարողությանը՝ օգտագործելու տվյալները արդյունավետ քաղաքականության մշակման և ծառայությունների մատուցման համար:

Փոխգործելիության հրամայական – Այսօր կառավարության տվյալների բազաների միջև անխափան փոխգործելիության պահանջն ավելի հրատապ է, քան երբևէ: Տվյալների փոխանակման գործընթացների պարզեցումը կարևոր է վարչական արդյունավետության բարձրացման, ծառայությունների մատուցման բարելավման և տնտեսության տարբեր ոլորտներում նորարարությունների խթանման համար:

Կիբեռանվտանգության խնդիրներ – թվային միջավայրը լի է կիբեռանվտանգության սպառնալիքներով՝ սկսած վնասակար կիբերհարձակումներից մինչև տվյալների արտահոսք, ուստի տեղեկատվության ամբողջականության, գաղտնիության և մատչելիության ապահովումը առաջնային է: X-Road-ի ներդրումն ապահովում է կիբեռանվտանգության ամուր շրջանակ՝ ամրապնդելով Հայաստանի պաշտպանությունը զարգացող կիբեռ սպառնալիքներից:

Արդյունավետություն և թափանցիկություն – Հայաստանը ձգտում է բարձրացնել իր պետական կառավարման արդյունավետությունն ու թափանցիկությունը՝ մեծացնելով վստահությունը պետական մարմինների նկատմամբ: Ներդնելով X-Road-ը` Հայաստանը կարող է պարզեցնել վարչական գործընթացները, նվազեցնել բյուրոկրատական քաշքշուքները և մեծացնել թափանցիկությունը տվյալների փոխանակման կենտրոնացված մեխանիզմների միջոցով:

Մի խումբ երիտասարդներ սեղանի շուրջ համախմբված նայում են գրատախտակին

Ակնկալվող առավելությունները

Տվյալների համակարգված փոխանակում – Ազգային փոխգործելիության հարթակը կնպաստի տարբեր պետական գերատեսչությունների և կազմակերպությունների միջև տվյալների անխափան փոխանակմանը: Սա կհանգեցնի առավել հիմնավոր որոշումների կայացման և հանրային ծառայությունների բարելավմանը:

Ընդլայնված անվտանգություն – Ազգային փոխգործելիության հարթակն օգտագործում է անվտանգության առաջադեմ միջոցներ, ինչպիսիք են գաղտնագրումը, թվային ստորագրությունները և մուտքի վերահսկման մեխանիզմները՝ համակարգերի միջև փոխանակվող տվյալների գաղտնիությունը, ամբողջականությունը և իսկությունը ապահովելու համար: Ազգային փոխգործելիության հարթակի ներդրմամբ Հայաստանը կարող է ամրապնդել իր կիբեռանվտանգության ենթակառուցվածքը և պաշտպանել զգայուն տեղեկատվությունը չարտոնված մուտքից և կիբեռ սպառնալիքներից:

Ծախսային խնայողություններ – Ազգային փոխգործելիության հարթակի ներդրումը կարող է նպաստել ծախսերի զգալի խնայողությանը՝ օպտիմալացնելով ռեսուրսների օգտագործումը, նվազեցնելով մարդկային գործոնը տվյալների փոխանակման գործընթացում: Ազգային փոխգործելիության հարթակի պարզեցված գործընթացների շնորհիվ խնայված ֆինանսական ռեսուրսները կարող են հատկացվել այլ՝ առավել առաջնահերթ ոլորտներին:

Առաջընթաց և ժամանակացույց

  • Դեկտեմբեր, 2024 թ․ – Պատրաստ կլինի փոխգործելիության հարթակի նախնական տարբերակը։
  • Հունիս, 2025 թ․ – Հարթակն ամբողջությամբ կշահագործվի։
 

Համագործակցություն և հետադարձ կապ

Կառավարության փոխգործելիության հարթակի զարգացումն ու ընդլայնումը իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և պետական այլ գերատեսչությունների համագործակցությամբ, ինչպես նաև միջազգային մասնագետների ներգրավմամբ: Ինտեգրման հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք ուղարկել նամակ info@isaa.am էլեկտրոնային փոստի հասցեին։