Հայաստանի թվային ճարտարապետությունը
Հայաստանի էլեկտրոնային հասարակության հիմքը թվային ճարտարապետությունն է։ Հայաստանի թվային ճարտարապետության նպատակն է պետության բոլոր օղակներին և համակարգերին ընձեռել քաղաքացիներին անվտանգ և հարմարավետ ծառայություններ մատուցելու հնարավորություն։
Սա ենթադրում է հավասարակշիռ մոտեցում, ըստ որի՝ պետական գերատեսչությունները սեփական շահերին և առաջնահերթություններին համապատասխանող տեմպով կկիրառեն նորարարական լուծումներ և միաժամանակ կկարողանան համագործակցել կրիտիկական բնագավառներում։
Ճարտարապետությունը նկարագրում է քաղաքացիների, ձեռնարկությունների, նրանց ծառայություններ մատուցող առանձին կազմակերպությունների շահերի և Հայաստանի միասնական թվային քաղաքականությունների միջև պատշաճ փոխհարաբերությունները։
Ճարտարապետության գրաֆիկական սխեման
Պետական գերատեսչությունների դերը
Պետական գերատեսչությունները կազմում են թվային ճարտարապետության հիմնասյուները, որոնք ազատ են ծառայություններ մատուցել՝ հիմնվելով իրենց մանդատի և ռեսուրսների վրա։ Այդ գերատեսչությունները չեն գործում առանձին․ դրանք կապված են համագործակցության 4 հորիզոնական շերտերով։
Շերտերից յուրաքանչյուրը գերատեսչություններին տեխնիկական և կազմակերպչական հնարավորություններ է տրամադրում ամբողջական և սահուն ծառայություններ մատուցելու համար։ Համագործակցության բոլոր 4 շերտերը պետք է ընդլայնվեն և հասանելի դառնան նաև մասնավոր հատվածի կազմակերպություններին՝ թույլ տալով զարգացնել իրենց թվայնացման լուծումները։
Յուրաքանչյուր շերտը կազմված է տեխնիկական ենթակառուցվածքից, որից հավասարապես օգտվում են բոլոր շահառուները կամ մասնակիցները։
Հայաստանի թվային ճարտարապետության միավորող հորիզոնական շերտերն են՝
- Էլեկտրոնային նույնականացման շերտը, որի շնորհիվ քաղաքացիները, պետական ծառայողները և ընկերությունները կարող են փոխհարաբերվել պետական գերատեսչությունների և միմյանց հետ՝ օգտագործելով մեկ միասնական ֆիզիկական խիստ նույնականացում, որը կապված է տարբեր խստության էլեկտրոնային նույնականացման մի քանի հնարավորությունների հետ։
- Մատակարարման ուղիների շերտը, որը գերատեսչություններին և այլ շահառուներին թույլ է տալիս oգտատերերի համար ապահովել միանման փորձառություն՝ անկախ այն հանգամանքից, թե որ գերատեսչություններն ու ծառայություն մատուցողներն են ներգրավված լուծումն ապահովելու գործում։
- Մատակարարման ուղիները հնարավոր են դառնում ինտեգրման շերտի շնորհիվ։ Այն գերատեսչություններին և այլ շահառուներին թույլ է տալիս պատշաճ և կարգավորված հասանելիություն ունենալ տարբեր կազմակերպությունների կողմից պահվող տվյալներին՝ ապահովելով այդ տվյալների որակը և պաշտպանությունը։
- Ենթակառուցվածքի շերտը միասնական ֆիզիկական և ցանցային ապահով ենթակառուցվածքով միավորում է շահառուներին և նրանց ռեսուրսները՝ ապահովելով մասշտաբի էֆեկտով տնտեսումներ և տեխնիկական փոխգործելիություն։
Ճարտարապետությունը լրացվում է ֆինանսների և ՏՀՏ պորտֆելի կառավարման գործընթացներով, որոնք ֆինանսավորում են հորիզոնական շերտերի ստեղծումը և ինտեգրումը։ Արդյունքում կատարվում են միասնական ներդրումներ, պակասեցվում են աշխատանքների կրկնորդումները, ինչն էլ նպաստում է գերատեսչություններում Հայաստանի թվային ճարտարապետությանը համապատասխան լուծումների զարգացմանը։
Տեղեկատվական անվտանգության գործընթացներն ուղղված են կիբերանվտանգության գործընթացների և տեղեկատվական անվտանգության քաղաքականությունների ներդրմանը։
Իսկ տեղեկատվական համակարգի ռեեստրը շահառուների համար բացահայտում է իրենց ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տվյալների հավաքածուներ և տեխնիկական ռեսուրսներ, իսկ քաղաքացիների համար դառնում է թափանցիկության գործիք՝ բացահայտելով, թե որ կազմակերպություններն են օգտագործում իրենց տվյալները և ինչ նպատակներով։