Հայաստանի ազգային փոխգործելիության հարթակ․ հիմնարար և սկզբնաղբյուր տվյալների վստահելի փոխանակում
Փոխգործելիության հարթակի ստեղծման նախապատմությունը
Հայաստանի թվային ճարտարապերության համատեքստում պետական մարմինների սերտ համագործակցությունը վստահության վրա հիմնված թվային հասարակության առանցքային հիմնասյուներից մեկն է: Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը համագործակցում է ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի կառույցների հետ՝ ապահովելու փոխգործելիությունն և հիմնարար ու սկզբնաղբյուր տվյալների անվտանգ փոխանակումը «միայն մեկ անգամ» սկզբունքի պատշաճ կիրառմամբ։
«Միայն մեկ անգամ» սկզբունք․ տվյալների անվտանգ փոխանակումն անհրաժեշտ պահին
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության փոխգործելիության թիմն աշխատում է էստոնական X-Road փոխգործելիության հարթակի տեղայնացման ուղղությամբ։ Սա հաջորդ սերնդի փոխգործելիության հարթակ է, որը, ի դեպ, հասանելի է բաց ծրագրաշարով։ Հարթակը ենթադրում է՝
- պետական մարմինների միջև տվյալների անվտանգ փոխանակման ապակենտրոնացված մոդել՝ հիմնված վստահության վրա,
- տվյալների փոխանակման գաղտնիության ապահովում անվտանգության սերվերների գործունեության հատուկ ընթացակարգերի միջոցով,
- տվյալների ամբողջականության ապահովում դրանց փոխանակման գործընթացի առանցքային կետերում հաղորդագրությունների լոգավորման (գրանցման) միջոցով։
X-Road. Էստոնիայում տվյալների փոխանակման միասնական հարթակն է, որը ներառում է տարբեր տվյալների շտեմարաններ և տեղեկատվական համակարգեր: X-Road-ը ապահովում է բազմաթիվ մարմինների միջև տվյալների անվտանգ և արդյունավետ փոխանակումը փոխգործելիության սկզբունքով՝ վերացնելով միևնույն տվյալը մի քանի անգամ ներկայացնելու անհրաժեշտությունը: Հարթակը պետական գերատեսչություններին, մասնավոր ընկերություններին և քաղաքացիներին թույլ է տալիս կիսվել տեղեկատվությամբ՝ պահպանելով տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը: Հենց X-Road-ի գործարկումն էլ ապահովել է թվային ավելի արագ ու որակյալ ծառայությունների մատուցումը։
Ինչպես շատ երկրներ, Հայաստանը նույնպես բախվում է հսկայական մարտահրավերների՝ արդիականացնելու իր կառավարման ենթակառուցվածքները: Այդ ամենը բնութագրվում է պետական գերատեսչությունների միջև տվյալների մասնատված համակարգերով, որոնք խոչընդոտում են արդյունավետ համագործակցությունը և տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը: Ավելին, կիբեռանվտանգության սպառնալիքները փոխկապակցված աշխարհում ավելի ու ավելի մեծ են դառնում, ինչը պահանջում է լուրջ միջոցներ՝ պաշտպանելու զգայուն տեղեկատվությունը:
X-Road-ի ներդրման կարիքը Հայաստանում
Տվյալների մասնատում և սիլոսներ – Պետական մարմինների ներսում տվյալների տարբեր համակարգերի գործունեությունը հանգեցրել է տվյալների մասնատման, ինչը խոչընդոտում է տեղեկատվության անխափան հոսքին և կառավարության կարողությանը՝ օգտագործելու տվյալները արդյունավետ քաղաքականության մշակման և ծառայությունների մատուցման համար:
Փոխգործելիության հրամայական – Այսօր կառավարության տվյալների բազաների միջև անխափան փոխգործելիության պահանջն ավելի հրատապ է, քան երբևէ: Տվյալների փոխանակման գործընթացների պարզեցումը կարևոր է վարչական արդյունավետության բարձրացման, ծառայությունների մատուցման բարելավման և տնտեսության տարբեր ոլորտներում նորարարությունների խթանման համար:
Կիբեռանվտանգության խնդիրներ – թվային միջավայրը լի է կիբեռանվտանգության սպառնալիքներով՝ սկսած վնասակար կիբերհարձակումներից մինչև տվյալների արտահոսք, ուստի տեղեկատվության ամբողջականության, գաղտնիության և մատչելիության ապահովումը առաջնային է: X-Road-ի ներդրումն ապահովում է կիբեռանվտանգության ամուր շրջանակ՝ ամրապնդելով Հայաստանի պաշտպանությունը զարգացող կիբեռ սպառնալիքներից:
Արդյունավետություն և թափանցիկություն – Հայաստանը ձգտում է բարձրացնել իր պետական կառավարման արդյունավետությունն ու թափանցիկությունը՝ մեծացնելով վստահությունը պետական մարմինների նկատմամբ: Ներդնելով X-Road-ը` Հայաստանը կարող է պարզեցնել վարչական գործընթացները, նվազեցնել բյուրոկրատական քաշքշուքները և մեծացնել թափանցիկությունը տվյալների փոխանակման կենտրոնացված մեխանիզմների միջոցով:
Ակնկալվող առավելությունները
Տվյալների համակարգված փոխանակում – Ազգային փոխգործելիության հարթակը կնպաստի տարբեր պետական գերատեսչությունների և կազմակերպությունների միջև տվյալների անխափան փոխանակմանը: Սա կհանգեցնի առավել հիմնավոր որոշումների կայացման և հանրային ծառայությունների բարելավմանը:
Ընդլայնված անվտանգություն – Ազգային փոխգործելիության հարթակն օգտագործում է անվտանգության առաջադեմ միջոցներ, ինչպիսիք են գաղտնագրումը, թվային ստորագրությունները և մուտքի վերահսկման մեխանիզմները՝ համակարգերի միջև փոխանակվող տվյալների գաղտնիությունը, ամբողջականությունը և իսկությունը ապահովելու համար: Ազգային փոխգործելիության հարթակի ներդրմամբ Հայաստանը կարող է ամրապնդել իր կիբեռանվտանգության ենթակառուցվածքը և պաշտպանել զգայուն տեղեկատվությունը չարտոնված մուտքից և կիբեռ սպառնալիքներից:
Ծախսային խնայողություններ – Ազգային փոխգործելիության հարթակի ներդրումը կարող է նպաստել ծախսերի զգալի խնայողությանը՝ օպտիմալացնելով ռեսուրսների օգտագործումը, նվազեցնելով մարդկային գործոնը տվյալների փոխանակման գործընթացում: Ազգային փոխգործելիության հարթակի պարզեցված գործընթացների շնորհիվ խնայված ֆինանսական ռեսուրսները կարող են հատկացվել այլ՝ առավել առաջնահերթ ոլորտներին:
Առաջընթաց և ժամանակացույց
- Դեկտեմբեր, 2024 թ․ – Պատրաստ կլինի փոխգործելիության հարթակի նախնական տարբերակը։
- Հունիս, 2025 թ․ – Հարթակն ամբողջությամբ կշահագործվի։
Համագործակցություն և հետադարձ կապ
Կառավարության փոխգործելիության հարթակի զարգացումն ու ընդլայնումը իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և պետական այլ գերատեսչությունների համագործակցությամբ, ինչպես նաև միջազգային մասնագետների ներգրավմամբ: Ինտեգրման հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք ուղարկել նամակ info@isaa.am էլեկտրոնային փոստի հասցեին։