Հայաստանի թվային ճարտարապետությունը

Հայաստանի էլեկտրոնային հասարակության հիմքը թվային ճարտարապետությունն է։ Հայաստանի թվային ճարտարապետության նպատակն է պետության բոլոր օղակներին և համակարգերին ընձեռել քաղաքացիներին անվտանգ և հարմարավետ ծառայություններ մատուցելու հնարավորություն։

Սա ենթադրում է հավասարակշիռ մոտեցում, ըստ որի՝ պետական գերատեսչությունները սեփական շահերին և առաջնահերթություններին համապատասխանող տեմպով կկիրառեն նորարարական լուծումներ և միաժամանակ կկարողանան համագործակցել կրիտիկական բնագավառներում։

Ճարտարապետությունը նկարագրում է քաղաքացիների, ձեռնարկությունների, նրանց ծառայություններ մատուցող առանձին կազմակերպությունների շահերի և Հայաստանի միասնական թվային քաղաքականությունների միջև պատշաճ փոխհարաբերությունները։

Ճարտարապետության գրաֆիկական սխեման

Թվային ճարտարապետության գծապատկերը

Պետական գերատեսչությունների դերը

Պետական գերատեսչությունները կազմում են թվային ճարտարապետության հիմնասյուները, որոնք ազատ են ծառայություններ մատուցել՝ հիմնվելով իրենց մանդատի և ռեսուրսների վրա։ Այդ գերատեսչությունները չեն գործում առանձին․ դրանք կապված են համագործակցության 4 հորիզոնական շերտերով։

Շերտերից յուրաքանչյուրը գերատեսչություններին տեխնիկական և կազմակերպչական հնարավորություններ է տրամադրում ամբողջական և սահուն ծառայություններ մատուցելու համար։ Համագործակցության բոլոր 4 շերտերը պետք է ընդլայնվեն և հասանելի դառնան նաև մասնավոր հատվածի կազմակերպություններին՝ թույլ տալով զարգացնել իրենց թվայնացման լուծումները։

Յուրաքանչյուր շերտը կազմված է տեխնիկական ենթակառուցվածքից, որից հավասարապես օգտվում են բոլոր շահառուները կամ մասնակիցները։

Հայաստանի թվային ճարտարապետության միավորող հորիզոնական շերտերն են՝

  • Էլեկտրոնային նույնականացման շերտը, որի շնորհիվ քաղաքացիները, պետական ծառայողները և ընկերությունները կարող են փոխհարաբերվել պետական գերատեսչությունների և միմյանց հետ՝ օգտագործելով մեկ միասնական ֆիզիկական խիստ նույնականացում, որը կապված է տարբեր խստության էլեկտրոնային նույնականացման մի քանի հնարավորությունների հետ։
  • Մատակարարման ուղիների շերտը, որը գերատեսչություններին և այլ շահառուներին թույլ է տալիս oգտատերերի համար ապահովել միանման փորձառություն՝ անկախ այն հանգամանքից, թե որ գերատեսչություններն ու ծառայություն մատուցողներն են ներգրավված լուծումն ապահովելու գործում։
  • Մատակարարման ուղիները հնարավոր են դառնում ինտեգրման շերտի շնորհիվ։ Այն գերատեսչություններին և այլ շահառուներին թույլ է տալիս պատշաճ և կարգավորված հասանելիություն ունենալ տարբեր կազմակերպությունների կողմից պահվող տվյալներին՝ ապահովելով այդ տվյալների որակը և պաշտպանությունը։
  • Ենթակառուցվածքի շերտը միասնական ֆիզիկական և ցանցային ապահով ենթակառուցվածքով միավորում է շահառուներին և նրանց ռեսուրսները՝ ապահովելով մասշտաբի էֆեկտով տնտեսումներ և տեխնիկական փոխգործելիություն։

Ճարտարապետությունը լրացվում է ֆինանսների և ՏՀՏ պորտֆելի կառավարման գործընթացներով, որոնք ֆինանսավորում են հորիզոնական շերտերի ստեղծումը և ինտեգրումը։ Արդյունքում կատարվում են միասնական ներդրումներ, պակասեցվում են աշխատանքների կրկնորդումները, ինչն էլ նպաստում է գերատեսչություններում Հայաստանի թվային ճարտարապետությանը համապատասխան լուծումների զարգացմանը։

Տեղեկատվական անվտանգության գործընթացներն ուղղված են կիբերանվտանգության գործընթացների և տեղեկատվական անվտանգության քաղաքականությունների ներդրմանը։

Իսկ տեղեկատվական համակարգի ռեեստրը շահառուների համար բացահայտում է իրենց ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տվյալների հավաքածուներ և տեխնիկական ռեսուրսներ, իսկ քաղաքացիների համար դառնում է թափանցիկության գործիք՝ բացահայտելով, թե որ կազմակերպություններն են օգտագործում իրենց տվյալները և ինչ նպատակներով։