Անհրաժեշտ տեղեկությունները կարող եք գտնել ծառայությունների ազգային հարթակում
Մեկ մուտք բոլոր ծառայությունների համար
«ԵսԵմ»-ի ստեղծման նախապատմությունը
Այսօր մեր կողմից իրականացվող գործարքների մեծ մասն առցանց է, փաստաթղթերը՝ թվային։ Ուստի անվտանգ նույնականացումը և տվյալների պահպանումն առավել կարևոր են, քան երբևէ։
Թվային ինքնությունը Հայաստանի թվային ճարտարապետության առանցքային բաղադրիչներից է, և հենց այս համատեքստում Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության առաջնորդմամբ ստեղծվել է թվային նույնականացման ազգային «ԵսԵմ» հարթակը։
«ԵսԵմ»-ը մուտքի մեկ միասնական միջոց է թվային բոլոր ծառայություններից օգտվելու համար, որոնք մատուցվում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից։ Համակարգի ամբողջական ներդրումից հետո «ԵսԵմ»-ով հնարավոր կլինի նույնականացվել և թվային կերպով ստորագրել փաստաթղթերը 3 եղանակով՝
- քարտ ընթերցող սարքով և չիպ պարունակող ID քարտով,
- բջջային հեռախոսով՝ ունենալով բջջային ID SIM (այդ թվում՝ eSIM) քարտ,
- բջջային հավելվածով։
Նշված եղանակներից յուրաքանչյուրն ապահովելու է օգտատերերի անվտանգ նույնականացումը և թվային փաստաթղթերի հաստատումն ինչպես մատչելի վեբ հավելվածի, այնպես էլ Back-end API-ների միջոցով՝ թույլ տալով այն հեշտորեն ինտեգրել թվային այլ լուծումների։
«ԵսԵմ» հարթակը նախագծվում է թվային նույնականացման միջազգային լավագույն ստանդարտներին՝ եվրոպական eIDAS 2.0 կանոնակարգին համապատասխան՝ էլեկտրոնային ինքնության բաց էկոհամակարգի ստեղծմամբ։ Սա ապահովելու է անվտանգության բարձրագույն մակարդակ և հետագա հուսալի փոխգործելիություն միջազգային գործընկերների հետ:
Ակնկալվող առավելությունները
- Անվտանգ թվային նույնականացումը թույլ կտա զանգվածային կերպով ներդնել թվային լուծումներ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում՝ հնարավորություն տալով գործարկելու ավելի նորարար լուծումներ։
- eIDAS 2.0 ստանդարտների կիրառումը նվազագույնի կհասցնի խարդախության ռիսկերը և օգտատերերի տվյալների օգտագործումը։
- Անվտանգ նույնականացումը կապահովի փոխգործելիությունը պետական տվյալների բազաների միջև, ինչը թույլ կտա կիրառել «միայն մեկ անգամ» սկզբունքը, ըստ որի՝ օգտատերերը միևնույն տվյալը կներկայացնեն միայն մեկ անգամ։
- Բազմաթիվ մուտքանունները, գաղտնաբառերն ու անվտանգ մուտքի այլ տեղեկությունները միավորված կլինեն մեկ լուծման մեջ, ինչն ավելի հարմար կլինի օգտատերերին, և բազմաթիվ տեղեկություններ հիշելու կարիք չի լինի։
Առաջընթաց և ժամանակացույց
Նույնականացման ազգային «ԵսԵմ» հարթակի զարգացման հիմքում ընկած է պետական-մասնավոր համագործակցությունը։ Ներկայումս ՀՀ-ում գործող 10 բանկերից և հեռահաղորդակցման բոլոր ընկերություններից կազմվել է կոնսորցիում, որը սկսելու է թվային նույնականացման լուծումների ներդրումը։ Մինչ օրս կատարված աշխատանքների առաջընթացը և առաջիկա ծրագրերը ներկայացված են ստորև՝
- Դեկտեմբեր, 2023 թ․ – «ԵսԵմ» մուտքի առաջին տարբերակը ներկայացվել է պետական թվային ծառայությունների մատուցման բոլոր հարթակներին։
- Փետրվար, 2024 թ․ – 10 բանկ և հեռահաղորդակցական 3 ընկերություն ստեղծել են կոնսորցիում «ԵսԵմ» նույնականացման լուծումների հետագա գործարկման նպատակով։
- Հուլիս, 2024 թ․ – «ԵսԵմ»-ի նոր թարմացումը կներառի թվային ստորագրության նոր հարթակը և API-ները։
- Դեկտեմբեր, 2024 թ․ – «ԵսԵմ» նույնականացման լուծումները կստանան eIDAS հավաստագիր։
Համագործակցություն և հետադարձ կապ
Միասնական մուտքի «ԵսԵմ» համակարգի սպասարկումն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և պետական այլ գերատեսչությունների համագործակցությամբ: Ինտեգրման հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք ուղարկել նամակ info@isaa.am էլեկտրոնային փոստի հասցեին։