Փոխգործելիություն
Փոխգործելիությունը Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության առանցքային ուղղություններից մեկն է, որի ջանքերն ուղղված են Հայաստանի թվային ենթակառուցվածքների կառավարմանը:
Փոխգործելիության նպատակը պետական գերատեսչությունների և վերջիններիս համակարգերի արդյունավետ և անխափան համագործակցության համար նախադրյալների ստեղծումն է՝ տվյալների արդյունավետ կառավարման և հասանելիության միջոցով:
ՀՀ կառավարության և այլ պետական մարմինների միջև փոխգործելիությունն այժմ ապահովվում է «Էկենգ» ՓԲԸ-ի կողմից։ ՀՏՀԳ Տվյալների կառավարման և Փոխգործելիության թիմն աշխատում է տվյալների մշակման մեթոդոլոգիայի, կանոնների և ուղեցույցների սահմանման ուղղությամբ, ինչպես նաև, համագործակցելով «Էկենգ» ՓԲԸ-ի հետ, աշխատանքներ է իրականացնում փոխգործելիության առկա համակարգերի բարելավման ուղղությամբ՝ դրանք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։
Տվյալների արդյունավետ կառավարումն ու փոխգործելիությունը ենթադրում են « տվյալը միայն մեկ անգամ» և «ամպայինն առաջին» սկզբունքներով աշխատող գործնական լուծումներ։ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի որոշմամբ հաստատվել է տվյալների քարտեզագրման և դասակարգման մեթոդաբանությունը։ Դրա նպատակն է ստեղծել հիմքեր տվյալների և ծառայությունների կատալոգների մշակման և ներդրման, ծառայությունների սահուն և տվյալահեն կառավարման, ինչպես նաև Ծառայությունների ազգային հարթակի անխափան աշխատանքի համար։