12 «Կյանքի իրադարձություններ»

Թվային բարեփոխումների պիլոտային նախագծեր

Կյանքի իրադարձությունները նկարագրված 12 շրջանակների մեջ

«Կյանքի իրադարձություններ» թվային բարեփոխումների նախագծի նախապատմությունը

Ծառայությունների մատուցումը «Հանրային կառավարման բարեփոխումների» ռազմավարության հիմնական բաղադրիչն է։ Ռազմավարության գլխավոր նպատակներից մեկը ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումն է՝ կենտրոնանալով քաղաքացիների կարիքների վրա և ներդնելով քաղաքացիներից հետադարձ կարծիքների ստացման, գնահատման և հաշվետու կառավարման թափանցիկ մեխանիզմներ։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունն աջակցում է բարեփոխումների ծրագրին` կառավարելով թվային փոխակերպման 12 «կյանքի իրադարձությունների» պիլոտային նախագծերը։ Գործակալությունը համագործակցում է հայաստանյան գերատեսչությունների հետ՝ համակարգելով նախագծերը, իրականացնելով հետազոտություններ և քաղաքացիներին տրամադրելով Հայաստանի թվային ճարտարապետությանը համապատասխանող էական լուծումներ։

Թվային ծառայությունների ներկա վիճակի գծապատկեր. մասնատված ու ոչ ամբողջովին թվային

Անցում «մասնատված» թվայնացումից դեպի «կյանքի իրադարձությունների» վրա հիմնված մոտեցում

«Կյանքի իրադարձությունները» մարդու կյանքի նշանակալի դրվագներն են՝ երեխայի ծնունդ, բնակարանի կամ ավտոմեքենայի ձեռքբերում և այլն։ Այս իրադարձությունները հաճախ ֆինանսական և իրավական հետևանքներ են առաջացնում և քաղաքացիներից պահանջում շփվել պետական և մասնավոր տարբեր կազմակերպությունների հետ:

Կյանքի իրադարձությունների շրջանակներում ստացված ծառայությունների որակը կարող է երկարատև ազդեցություն ունենալ կառավարության հանդեպ քաղաքացիների վստահության վրա։ Ուստի այսօր աշխարհի շատ երկրներում կառավարությունը ծառայությունները թվայնացնում է հենց «կյանքի իրադարձությունների» վրա հիմնված մոտեցմամբ:

Ծառայությունների մատուցման գծապատկեր ամբողջական թվայնացումից հետո. սահուն, առանց ընդհատումների

«Կյանքի իրադարձությունների» թվայնացման համագործակցային մոդելը և խնդիրների բացահայտման աուդիտի (”Sludge audit”) տեխնիկան

«Կյանքի իրադարձությունների» թվայնացման նախագծի իրականացման 2 հիմնական նպատակներն են.

  1. քաղաքացիներին ծառայությունների մատուցման ամբողջական գործընթացի բարելավումը,
  2. պետական մարմիններում թվայնացման նախագծերի մշակման և իրականացման կարողությունների և հմտությունների ձևավորումը։

Այս նպատակների իրագործման համար մենք աշխատում ենք թվայնացման միջգերատեսչական համագործակցության մոդելով, որի շրջանակներում բիզնես գործընթացների վերլուծությունը, թվային փոխակերպումն ու թվային համակարգերի նախագծումն իրականացվում է մարդակենտրոն սկզբունքով։

Մենք կիրառում ենք նաև “Sludge Audit” մեթոդաբանության վարքագծային մոդելը, որը թույլ է տալիս բացահայտել և նվազեցնել քաղաքացիների խնդիրները, որոնք առաջանում են կառավարության կողմից ծառայություններ ստանալիս։ Այս մեթոդաբանությունը ներդրվել է ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) և Ավստրալիայի կառավարության մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում:

Մի խումբ երիտասարդներ գրատախտակի մոտ քննարկում են  «Կյանքի իրադարձությունների» թվայնացման համագործակցային մոդելը

Ինչպե՞ս է աշխատում համագործակցային մոդելը

Յուրաքանչյուր «Կյանքի իրադարձության» համար.

  • առաջադրվում է մեկ պատասխանատու նախարարություն, որը ղեկավարում է աշխատանքները ՀՏՀԳ-ի ծառայությունների պատասխանատուի (Product Owner) և այլ նախարարությունների աջակցությամբ,
  • իրականացվում է մանրամասն “Sludge Audit” քաղաքացիների հետ հարցազրույցների, բիզնես գործընթացների և իրավական շրջանակների վերլուծության միջոցով,
  • պատասխանատու նախարարությունը և աջակցող նախարարությունները համատեղ աշխատում են թվայնացման միջգերատեսչական ճանապարհային քարտեզ մշակելու ուղղությամբ,
  • 6-8 ամսվա ընթացքում իրականացվում է քաղաքացիների կողմից բացահայտված «ամենացավոտ կետերի» լուծման նախագիծը՝ որպես նախագծի MVP (Minimum viable product` նվազագույն կենսունակ պրոդուկտ),
  • միջգերատեսչական ճանապարհային քարտեզը ներկայացվում է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի հաստատմանը։
 

Ակնկալվող առավելությունները

«Կյանքի իրադարձությունների» թվային փոխակերպման նախագծի իրագործումից հետո Հայաստանում մատուցվող հանրային ծառայությունների որակը էապես կբարելավվի։ Մասնավորապես՝

  • կբարելավվի թվայնացման աշխատանքների համակարգումը (անհատական ՏՏ համակարգերից մինչև ավելի մարդակենտրոն մոդել),
  • թվային գործիքների և ստանդարտների ներդրման միջոցով կբարելավվի թվային պրոդուկտների որակը,
  • կներդրվի մի քանի նախարարությունների, քաղաքացիների և մասնավոր հատվածի միջև արդյունավետ համագործակցության մշակույթ:
Համակարգչի և բջջայինի մեջ գրված է ուղեցույց,թե ինչպես վարվել, երբ հղիության թեստը դրական է

Առաջընթաց և ժամանակացույց

Ներկայումս թվային փոխակերպման համար առանձնացվել են 12 «կյանքի իրադարձությունների» պիլոտային նախագծեր։

  • Դեկտեմբեր, 2024 թ․ – Կմեկնարկեն վերլուծություններ և “Sludge Audit” բոլոր 12 «կյանքի իրադարձությունների» համար։
  • Դեկտեմբեր, 2025 թ․ – Կհրապարակվեն առնվազն 6 «կյանքի իրադարձությունների» MVP-ները (Minimum viable product` նվազագույն կենսունակ պրոդուկտ)։
  • Դեկտեմբեր, 2026 թ․ – Կավարտվի թվայնացման ճանապարհային քարտեզների իրագործումը բոլոր 12 «կյանքի իրադարձությունների» համար։

Համագործակցություն և հետադարձ կապ

Եթե ունեք հարցեր կամ մեկնաբանություններ կամ ցանկանում եք ներգրավվել «կյանքի իրադարձությունների» թվայնացման նախագծերում, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ info@isaa.am էլեկտրոնային փոստի հասցեին։

Հավելյալ փաստաթղթեր

Կյանքի 12 իրադարձություններ․ ամփոփ նկարագիր

Օգոստոս, 2023 թ․, ՀՏՀԳ
«Կյանքի իրադարձությունների» թվայնացման ամփոփ նկարագիր՝ ներառյալ խնդիրների բացահայտման մեթոդաբանությունը և նախագծի իրականացման մոտեցումը:
Ներբեռնել (PDF)

*Ամփոփ նկարագիրը առկա է միայն անգլերեն