Կարողությունների զարգացումԿիբեռանվտանգություն

Ավարտվեց «ԿիբեռՔվեստ» աշակերտական մրցույթը

դեկտեմբերի 28, 2025

Հայաստանի խոշորագույն դպրոցական կիբեռանվտանգության մրցույթը՝ «ԿիբեռՔվեստ» 2025-ը, դեկտեմբերի 25-ին ավարտեց իր եզրափակիչ փուլը՝ ամփոփելով շաբաթներ տևած ակտիվ մրցակցությունը, որում ընդգրկված էին 1850 աշակերտ՝ 230 դպրոցներից։ Գրանցված 420 թիմերից վերջին փուլ անցան 15 թիմեր։

«ԿիբեռՔվեստ»-ը նախատեսված է 6–9-րդ դասարանների աշակերտների համար։ Մրցույթի կառուցվածքը համադրում է տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ և կիբեռանվտանգության թեմայով պարզեցված առաջադրանքներ: 

Միջոցառման ընթացքում ՀՏՀԳ Կիբեռանվտանգության տնօրեն Շանթ Քասսարջյանը հանդես եկավ բացման ելույթով՝ ընդգծելով, որ մրցույթի նպատակն է ձևավորել աշակերտների ակտիվ համայնք, որն իրեն լավագույնս կդրսևորի ապահով թվային վարքագծի, տվյալների պաշտպանության և կիբեռսպառնալիքներին ժամանակին արձագանքելու հարցում։

Մրցույթը ցույց տվեց, որ աշակերտները պատրաստ են ոչ միայն սովորել, այլև մրցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։ Ապագա կիբեռհերոսները ձևավորվում են դպրոցական տարիքից։

Եզրափակիչ փուլի արդյունքում որոշվեցին նաև հաղթող թիմերը՝

  • 1 տեղ —  «Կիբեռ արծիվներ», Գ. Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոց
  • 2 տեղ — Alpha Cyber, Այնթապի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
  • 3 տեղ — կիսում են երկու թիմեր՝ Mind Hackers_ArtSТEM, «ԱրտՍՏԵՄ» վարժարան / Mind Hackers_Global bridge, «Գլոբալ բրիջ» կրթահամալիր

Շնորհավորում ենք մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերին, մաղթում ենք նրանց նորանոր հաղթանակներ։

«ԿիբեռՔվեստ» մրցույթը կազմակերպվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության նախաձեռնությամբ և իրականացվում է «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ի կողմից: