Կարողությունների զարգացում

ՀՏՀԳ տնօրեն Ներսես Երիցյանը MindX ֆորումի ընթացքում խոսել է կրթության վերափոխման մեջ ԱԲ-ի դերի մասին

ապրիլի 03, 2026

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը մասնակցեց «MindX 2026» աշխատաժողովի շրջանակներում կազմակերպված «Միջոլորտային համագործակցությունը կրթության վերափոխման նպատակով» թեմայով պանելային քննարկմանը։ 

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց կրթության վերափոխման և մարդկային կապիտալի զարգացման դերին թվային վերափոխման պայմաններում, երբ արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների զարգացումը փոխում է աշխատաշուկայի և կրթության նկատմամբ պահանջները։

Իր ելույթում ՀՏՀԳ տնօրենն ընդգծեց, որ արհեստական բանականությունը հանդիսանում է գործընթացներն արագացնող ու պարզեցնող հզոր գործիք է, սակայն մարդկային գործոնն ու քննադատական մտածողությունը մնում են առանցքային։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել բնական և արհեստական բանականությունների հավասարակշռությունը՝ տեխնոլոգիան ծառայեցնելով մարդու ներուժի զարգացմանը ,այլ ոչ նրան փոխարինելուն։ Անդրադառնալով թվային գրագիտությանը՝ տնօրենը շեշտեց, որ դիմակայուն հասարակություն կառուցելու տեսանկյունից անընդմեջ ուսուցումն ու ռիսկերի գիտակցումն այսօր հրամայական են։ 

Որպես հաջողված օրինակ՝ անդրադարձ կատարվեց «Երիտասարդ մասնագետների ներգրավման» ծրագրին և ՀՏՀԳ կողմից ֆինանսավորվող Թումո Լաբսի նախաձեռնություններին, որոնք ՏՏ և կիբեռանվտանգության ոլորտում երիտասարդներին օժտում են հմտություններով ու գիտելիքներով՝ համապատասխանեցված միջազգային ստանդարտներին։

Եզրափակելով խոսքը՝ Ն․ Երիցյանը փաստեց, որ պետության, մասնավոր հատվածի և կրթական-ակադեմիական համայնքի միջև նմանօրինակ գործընկերությունների ձևավորումը կունենա վերափոխիչ դեր՝ նպաստելով երիտասարդների կարողությունների զարգացմանը, որը կենսական է առաջադեմ տնտեսություն կառուցելու և միջազգային ասպարեզում մրցունակ լինելու նպատակով։

Պանելային քննարկման մոդերատորն էր «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։ Բանախոսների թվում էին Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Արամ Հովհաննիսյանը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ/UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

«MindX 2026»-ը միջազգային երկօրյա համաժողով է, որը կազմակերպվում է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» և «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կազմակերպությունների կողմից՝ կրթությունը որպես առաջնորդության և նորարարության գործոն վերաիմաստավորելու նպատակով։