Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության լոգո
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն
Կարողությունների զարգացում

Արհեստական բանականության վերապատրաստման ծրագրի մոդուլների մշակման և անցկացման անհատ խորհրդատու(ներ)

հոկտեմբեր 12, 2026

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ) նախատեսում է հանրային հատվածի աշխատակիցների համար ներդնել արհեստական բանականության (ԱԲ) թեմայով ուսուցման ծրագիր, որն ընդգրկում է ԱԲ համակարգերի աշխատանքի հիմունքները, դրանց կիրառումը, ազդեցությունները, ինչպես նաև էթիկայի, կառավարման, գաղտնիության, անվտանգության և պատասխանատու կիրառման հարցերը։ 

 

Ծրագիրը նպատակ ունի ձևավորել ԱԲ-ի անվտանգ, պատասխանատու և արդյունավետ կիրառման գործնական հմտություններ։ Այդ նպատակով ՀՏՀԳ-ն հրավիրում է անհատ փորձագետների՝ ներկայացնելու հայտ, Հավելված 1-ում նշված մեկ կամ մի քանի մոդուլների մշակման և իրականացման համար։ 

Հայտի ներկայացման պայմաններ

Հետաքրքրության հայտը՝ կից անհրաժեշտ փաստաթղթերով, անհրաժեշտ է ուղարկել մինչ հոկտեմբերի 19, ժամը 00։00 capacity.building@isaa.am էլեկտրոնային հասցեին։ 

Առաջադրանքի նպատակը

Սույն տեխնիկական առաջադրանքի նպատակն է մրցութային կարգով ընտրել համապատասխան որակավորում և փորձ ունեցող անհատ խորհդատու(ներ)ի, որոնք իրենց կողմից ընտրված մոդուլ(ներ)ի շրջանակում կկարողանան՝ 

  • Մշակել և նախապատրաստել ուսուցման ամբողջական բովանդակությունն ու գործնական բաղադրիչները՝ ըստ Հավելված 1-ում սահմանված մոդուլների և ուսումնառության վերջնարդյունքների, 
  • իրականացնել ուսուցումը ՀՏՀԳ-ի հետ համաձայնեցված ձևաչափով և ժամանակացույցով, 
  • ուսումնառության արդյունքների, մասնակիցների հետադարձ կապի և ՀՏՀԳ-ի դիտարկումների հիման վրա վերանայել նյութերը, 
  • ներկայացնել վերջնական և խմբագրվող ուսումնական նյութերի ամբողջական փաթեթ ՀՏՀԳ-ին վերօգտագործման նպատակով։ 

Առաջադրանքի ընդհանուր շրջանակը

Ընտրված խորհրդատուն յուրաքանչյուր ընտրած մոդուլի համար պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները․ 

  • մասնակցել մեկնարկային հանդիպմանը ՀՏՀԳ-ի հետ և ճշգրտել թիրախային լսարանը, մոդուլի ուսումնառության վերջնարդյունքները, բովանդակային շեշտադրումները, ձևաչափը և կազմակերպչական պայմանները, 

  • Հավելված 1-ում ներկայացված վերջնարդյունքների հիման վրա մշակել մոդուլի մանրամասն ուսումնական ծրագիրը, ուսուցման կառուցվածքային ընթացքը և դասավանդման տրամաբանությունը, 

  • պատրաստել սահիկաշարեր, գործնական առաջադրանքներ, իրավիճակներ (case studies), քննարկման հարցեր, գնահատման գործիքներ և անհրաժեշտ օժանդակ նյութեր, 

  • մշակել հանրային հատվածի գործունեությանը համապատասխան տեղայնացված օրինակներ, սցենարներ և գործնական առաջադրանքներ, 

  • անհրաժեշտության դեպքում մշակել նախնական և հետուսումնական գնահատման (pre-test/post-test) կամ այլ գիտելիքի ստուգման գործիքներ, 

  • իրականացնել մոդուլով սահմանված ուսումնառությունը և դասավանդումը, ինչպես նաև ֆասիլիտացնել մասնակիցների գործնական աշխատանքն ու քննարկումները, 

  • ուսումնառությունից հետո վերանայել և բարելավել բովանդակությունը, գործնական առաջադրանքները և գնահատման գործիքները, 

  • ՀՏՀԳ-ին փոխանցել վերջնական փաթեթը՝ խմբագրվող աղբյուր ֆայլերով և նյութերի կառուցվածքի/օգտագործման հստակ ցուցումներով։ 

Դասավանդման և նյութերի մշակման մեթոդաբանական սկզբունքներ

  • Ուսուցման յուրաքանչյուր մոդուլի առնվազն 40–50%-ը պետք է կազմեն գործնական աշխատանքը, իրավիճակների վերլուծությունը, փորձարկումը, քննարկումը և արդյունքամետ առաջադրանքները, 

  • օրինակները և առաջադրանքները պետք է հնարավորինս համապատասխանեն հանրային հատվածի խնդիրներին, փաստաթղթերին, աշխատանքային գործընթացներին և որոշումների ընդունման տրամաբանությանը, 

  • համապատասխան մոդուլներում պարտադիր պետք է ներառվեն մարդկային վերահսկողության, փաստերի ստուգման, աղբյուրների գնահատման, պատասխանատվության, տվյալների պաշտպանության և անվտանգ օգտագործման սկզբունքները, 

  • ուսուցման գործողությունները պետք է բացառեն մասնակիցների կողմից իրական գաղտնաբառերի, կազմակերպական/գաղտնի տվյալների, API թոքենների կամ գործառնական համակարգերի հասանելիություն տրամադրող տվյալների օգտագործումը, 

  • նյութերը պետք է մշակվեն պարզ լեզվով, հստակ կառուցվածքով և հնարավորինս համապատասխանեն համընդհանուր ուսումնառության նախագծման սկզբունքներին, 

  • բոլոր վերջնական նյութերը պետք է լինեն համակարգված, խմբագրվող և ըմբռնելի ինքնուսուցման տեսանկյունից։ 

Մոդուլների ընտրություն և աշխատանքի կազմակերպում

  • Անհատ խորհրդատուն կարող է իր առաջարկում ներկայացնել Հավելված 1-ում նշված մեկ, մի քանի կամ բոլոր մոդուլները։ 
  • Յուրաքանչյուր ընտրված մոդուլի համար թեկնածուն պետք է ցույց տա թեմատիկ համապատասխան փորձառություն և առաջարկի իր մոտեցումը տվյալ մոդուլի մշակման ու դասավանդման համար։ 
  • ՀՏՀԳ-ն կարող է պայմանագիր կնքել տարբեր մոդուլների համար տարբեր խորհրդատուների հետ։ Նույն խորհրդատուն կարող է ընտրվել մեկից ավելի մոդուլների համար, եթե յուրաքանչյուր մոդուլի համար ունի անհրաժեշտ մասնագիտական փորձառություն։ 
  • Ընտրված խորհրդատուները պետք է համագործակցեն ՀՏՀԳ-ի և, անհրաժեշտության դեպքում, այլ ընտրված խորհրդատուների հետ՝ ծրագրի ընդհանուր տրամաբանությունը, տերմինաբանությունը, մեթոդաբանական մոտեցումները և նյութերի կառուցվածքը համահունչ պահելու նպատակով։ 

Արդյունքներ, փուլեր և ժամկետներ

Յուրաքանչյուր ընտրված մոդուլի աշխատանքը նախատեսվում է իրականացնել երեք հաջորդական փուլով՝ ընդհանուր շուրջ 6 շաբաթ տևողությամբ։ Ընտրության մասին ծանուցումը նախատեսվում է ուղարկել մոտավորապես 2026 թ. հոկտեմբերի 30-ին, և թեկնածուն պետք է հաստատի անմիջապես աշխատանքը սկսելու պատրաստակամությունը։ 

Նշում․ Փուլերի ստույգ օրերը կհաստատվեն պայմանագրով և ՀՏՀԳ-ի կողմից համաձայնեցված ուսուցման օրացույցով։  

Անհատ խորհրդատուին ներկայացվող պահանջները

  • Բարձրագույն կրթություն արհեստական բանականության, համակարգչային գիտության, տվյալագիտության, հանրային կառավարման կամ տվյալ մոդուլին համապատասխան հարակից ոլորտում, 
  • առնվազն 5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ՝ ԱԲ/ՄՈՒ (ML), գեներատիվ ԱԲ, ԱԲ կառավարում, տվյալների պաշտպանություն, կիբեռանվտանգություն, տեխնոլոգիական քաղաքականություն կամ համապատասխան մոդուլին առնչվող այլ ոլորտում, 
  • առնվազն 2 տարվա ինտերակտիվ վերապատրաստման/դասավանդման փորձ մեծահասակների համար, 
  • առնվազն երկու համապատասխան ուսուցման ծրագրի կամ մոդուլի մշակման և/կամ իրականացման փաստագրված փորձ, 
  • խմբային քննարկումների, գործնական աշխատանքի և փորձառական ուսուցման ֆասիլիտացման կարողություն, 
  • համապաասխան մոդուլի թեմատիկ բովանդակությունը հանրային հատվածի իրական աշխատանքային գործընթացների և որոշումների հետ կապելու կարողություն, 
  • ԱԲ գործիքների անվտանգ և պատասխանատու կիրառման, մարդկային վերահսկողության, արդյունքների որակի և սահմանափակումների վերաբերյալ կիրառական իմացություն, 
  • գերազանց հաղորդակցության և նյութերի կառուցվածքային ներկայացման հմտություններ, 
  • հայերենով ուսուցում իրականացնելու և հայերեն ուսումնական նյութեր պատրաստելու կարողություն։ Անգլերենի աշխատանքային իմացությունը դիտարկվում է որպես առավելություն՝ միջազգային աղբյուրների հետ աշխատելու համար։ 

Պետական մարմինների, հանրային հաստատությունների, կարգավորվող ոլորտների կամ միջազգային կազմակերպությունների հետ փորձը, ինչպես նաև տարբեր երկրների/միջազգային կազմակերպությունների ԱԲ կիրառման և կառավարման մոտեցումները Հայաստանի հանրային հատվածի կարիքներին համապատասխանեցնելու փորձառությունը կդիտվի որպես առավելություն։ 

Հայտի կառուցվածքը և ներկայացման պահանջները

Հետաքրքրված անհատ խորհրդատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը․ 

  • ինքնակենսագրություն (CV)՝ ընդգծելով ընտրած մոդուլ(ներ)ին համապատասխան մասնագիտական և դասավանդման փորձը, 
  • հստակ նշում, թե Հավելված 1-ի որ մոդուլ(ներ)ի համար է ներկայացվում հայտը, 
  • կարճ նկարագրություն՝ յուրաքանչյուր ընտրած մոդուլի համար ներկայացնելով տվյալ թեմայով համապատասխան փորձը, առաջարկվող մոտեցումը և գործնական բաղադրիչների տրամաբանությունը, 
  • համապատասխան նախկին փորձը հաստատող տեղեկություններ և, առկայության դեպքում, ուսուցման ծրագրերի, նյութերի, հրապարակումների, նախագծերի կամ այլ աշխատանքների օրինակներ/հղումներ, 
  • ֆինանսական առաջարկ՝ նշելով արժեքը յուրաքանչյուր մոդուլի համար առանձին և, եթե հայտը վերաբերում է մի քանի մոդուլի, նաև ընդհանուր առաջարկվող արժեքը, 
  • գրավոր հաստատում, որ ընտրության մասին ծանուցում ստանալուց հետո՝ մոտավորապես 2026 թ. հոկտեմբերի 30-ից, խորհրդատուն կարող է անմիջապես սկսել աշխատանքը և ապահովել հայտարարությամբ սահմանված ժամկետով փուլերի իրականացումը։ 

 

Ֆինանսական առաջարկի պահանջները

Ֆինանսական առաջարկը պետք է ներկայացվի հստակ և համադրելի ձևաչափով՝ յուրաքանչյուր ընտրված մոդուլի համար առանձին արժեքով։ Պայմանագրի արժեքը պետք է ներառի Թեկնածուի հարկային պարտավորությունները և ծառայության մատուցման հետ կապված բոլոր ծախսերը։ 

Ընտրության սկզբունքը

Անհատ խորհրդատուի ընտրությունը կիրականացվի՝ հիմք ընդունելով մասնագիտական փորձը, որակավորումները, ընտրած մոդուլ(ներ)ին համապատասխան փորձառությունը, ներկայացված աշխատանքի օրինակները և սահմանված ժամկետներում աշխատանքի մեկնարկի ու իրականացման հնարավորությունը։ 

ՀՏՀԳ-ն կարող է ընտրել մեկ կամ մի քանի անհատ խորհրդատուի՝ տարբեր մոդուլների համար։ Յուրաքանչյուր թեկնածու կդիտարկվի միայն այն մոդուլ(ներ)ի համար, որոնց համար ներկայացրել է հայտ և ունի համապատասխան փաստագրված փորձ։ 

Ներկայացված ֆինանսական առաջարկը պետք է համապատասխանի ընտրած մոդուլ(ներ)ի շրջանակին և սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսված աշխատանքների ամբողջ ծավալին։ 

ՀՏՀԳ-ն կարող է թեկնածուից պահանջել լրացուցիչ պարզաբանումներ, անցկացնել կարճ հարցազրույց կամ խնդրել ներկայացնել նախկինում մշակված նյութերի լրացուցիչ օրինակներ՝ ներկայացված փորձառությունը և համապատասխանությունը ճշտելու նպատակով։ 

Ընտրված անհատ խորհրդատուի հետ պայմանագրային պայմանները և վերջնական արժեքը կհաստատվեն մինչև պայմանագրի կնքումը։

Պայմանագրի կառավարում և վճարում

Վճարումները կապվելու են ՀՏՀԳ-ի կողմից ընդունված արդյունքների հետ։ Յուրաքանչյուր մոդուլի համար առաջարկվող վճարման կառուցվածքն է՝

Փուլ Մասնաբաժին Պայման
1. 35% ՀՏՀԳ-ի կողմից համաձայնեցված մոդուլի մանրամասն ծրագիր, տրամաբանական կառուցվածք և ուսուցման համար պատրաստ նախնական նյութերի փաթեթ։
2. 30% Մոդուլի ուսումնառության և դասավանդման իրականացում և հիմնական արդյունքների/հետադարձ կապի ամփոփման ընդունում։
3. 35% Վերջնական փաթեթի, խմբագրվող աղբյուր ֆայլերի և կարճ վերջնական հաշվետվության ընդունում։