Ամփոփվեց կիբեռանվտանգության կարողությունների զարգացման ծրագրի առաջին փուլը
մարտի 25, 2026
ԹՈՒՄՈ Լաբսում կայացավ կիբեռանվտանգության կարողությունների զարգացման ծրագրի առաջին փուլի եզրափակիչ միջոցառումը, որի նպատակ էր ամփոփել 2024-2026 թթ․-ներին իրականացված աշխատանքները։
Բացման ելույթներով հանդես եկան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, ԹՈՒՄՈ Լաբսի ղեկավար Բելլա Վասիլյանը։ Ելույթներով հանդես եկան՝ ԹՈՒՄՈ-ի զարգացման գլխավոր պատասխանատու Պեգոր Փափազյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան ղեկավարի տեղակալ Լարս Հենիգը, «Կիբեռանվտանգության ամրապնդման գործընկերություն» ծրագրի ղեկավար Ռաֆայել Պֆաուչը։
Իր ելույթում ՀՏՀԳ տնօրեն Ներսես Երիցյանն ընդգծեց, որ կիբեռանվտանգությունը վերածվել է ազգային անվտանգության և տնտեսական կայունության հենասյան։ Նրա խոսքով՝ երկրի թվայնացման գործընթացին զուգահեռ հարկ է ապահովել նաև թվային միջավայրի պաշտպանությունը՝ ձևավորելով վստահելի, համագործակցային էկոհամակարգ։ Նա կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը՝ նշելով, որ կիբեռանվտանգության մշակույթի ձևավորումը վաղ տարիքից հանդիսանում է ազգային առաջնահերթություն։
Տնօրենի խոսքով՝ այս մոտեցումը նպաստում է ինչպես թվային գրագիտության բարձրացմանը, այնպես էլ միջազգային մակարդակի մասնագիտական ներուժի ձևավորմանը։ Այս գործընթացում առանցքային է պետական, մասնավոր և կրթական ոլորտների համագործակցությունը, իսկ ծրագիրը կարևոր հարթակ է այդ համագործակցության ձևավորման համար։
Նա նաև նշեց, որ կրթական ծրագրերի համապատասխանեցումը շուկայի պահանջներին ապահովում է ապագա մասնագետների մրցունակությունը միջազգային մակարդակում։
Միջոցառման շրջանակում ԹՈՒՄՈ Լաբս-ում կազմակերպվեց շրջայց, ներկայացվեցին կիբեռանվտանգության ինքնուսուցման ծրագիրը, կիբեռսպրինտների արդյունքներն ու նախագծահեն ուսուցման մոդելը։
Սույն նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՏՀԳ-ի համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում։
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունն առաջնորդում է Հայաստանի թվային փոխակերպումը՝ վստահության վրա հիմնված թվային հասարակություն և տնտեսություն ձևավորելու միջոցով։