ԹվայնացումԱրհեստական Բանականություն

Արհեստական բանականության ներուժն ու մարտահրավերները թվային կառավարման և թվային հասարակության համատեքստում․ պանելային քննարկում WCIT շրջանակում

հոկտեմբերի 05, 2024

WCIT կոնգրեսի շրջանակում հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Արհեստական բանականությունը որպես շարժիչ ուժ թվային կառավարման և թվային հասարակության վերափոխման համար» պանելային քննարկում։

Քննարկումը կազմակերպվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից Կենտրոնական բանկի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ՝ հիմք ընդունելով Հայաստանի թվայնացման ռազմավարությունից բխող օրակարգի արդիականությունն ու կարևորությունը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Դանիայի Թագավորության պետական կառավարման համակարգի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև՝ Էստոնիայի և Լատվիայի Հանրապետությունների մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Պանելային քննարկման շրջանակում ներկայացվել է արհեստական բանականության ներուժը թվային կառավարման փոխակերպման գործընթացում՝ կարևորելով ռիսկերի զսպման մեխանիզմների և գործիքակազմերի ներդնումը։

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է արհեստական բանականության ներդրման հնարավորությունները և ռիսկերը ֆինանսական կայունության ապահովման համատեքստում։

Պանելային քննարկմանը էստոնական առաջատար “Proud engineers” ընկերության ներկայացուցիչը խոսել է Էստոնիայի փորձի մասին, որը ներկայումս հանդիսանում է ոլորտի առաջատար և Հայաստանի թվայնացման օրակարգի ձևավորման ուղեցույց։

Տեղեկատվական համակարգերի գործակալության UX և ծառայությունների մատուցման ղեկավար Հարմիկ Ազարյանն մոդերատորի իր խոսքում ընդգծել է արհեստական բանականության շոշափելի ազդեցությունը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների համատեքստում։

Պանելային քննարկում է, մասնակցում է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը
Արհեստական բանականության մասին պանելային քննարկում է
Պանելային քննարկման մոդերատոր, Հարմիկ Ազարյան