էլեկտրոնային նույնականացումը` որպես քաղաքացիների, բիզնեսի և պետության ամենօրյա անվտանգ փոխգործակցության և թվային վստահության հիմնաքար
փետրվարի 20, 2025
Փետրվարի 19-20-ին Հայաստանի Տեղեկատվական համակարգերի գործակալության, «Earst & Young»-ի, Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի հետ համատեղ մեկնարկեցին Հայաստանում էլեկտրոնային նույնականացման նոր էկոհամակարգի ներդրման վերաբերյալ միջազգային աշխատաժողովները, որոնք միտված էին քննարկելու էլեկտրոնային նույնականացման տեսլականը, պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության խթանումը և իրավական դաշտի մոտարկումը ԵՄ eIDAS կարգավորմանը համապատասխան:
ԵՄ eIDAS կանոնակարգի նպատակն է նաև Հայաստանում ապահովել անվտանգ միջսահմանային նույնականացման հնարավորություն և խթանել անխափան թվային փոխգործակցություն ԵՄ երկրների հետ: Մասնավորապես, համապատասխանեցնելով Հայաստանի էլեկտրոնային վստահության և ինքնության ստանդարտները ԵՄ կարգավորմների հետ, կապահովվի ոչ միայն անվտանգ փոխգործակցություն պետության ներսում, այլ նաև հնարավորություն կտրվի ՀՀ քաղաքացիներին և բիզնեսին նույնականացնել իրենց ինքնությունը ՀՀ-ում և օգտվել ԵՄ անդամ պետությունների կողմից առաջարկվող էլեկտրոնային ծառայություններից:
Միջազգային գործընկերների կողմից ներկայացվեցին ԵՄ eIDAS/EUDI իրավական կարգավորման առանձնահատկությունները, էլեկտրոնային նույնականացման միջազգային փորձի լավագույն օրինակները, մասնավորապես՝ Իտալիայի պետական-մասնավոր էկոհամակարգը, ինչպես նաև Սկանդինավյան երկրների առաջատար մոդելները։
Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանն իր խոսքում ներկայացրեց էլեկտրոնային նույնականացման իրավական շրջանակը՝ ընդգծելով լավագույն միջազգային ստանդարտների ներդրման և կիբեռանվտանգության ապահովման առաջնահերթությունը։
Երկօրյա միջոցառման ընթացքում պետական և մասնավոր հատվածների կողմից հարցուպատասխանի ընթացքում քննարկվեցին էլեկտրոնային նույնականացման ներդրման և ծառայությունների թվայնացմանն առնչվող հարցեր։