Էստոնիայում ներկայացվեց Հայաստանի կիբեռանվտանգության փորձը
հունիսի 10, 2025
Մայիսի 27-29-ին Տալլինում տեղի ունեցավ Էլեկտրոնային կառավարման միջազգային համաժողով, որտեղ հավաքվել էին պետական և մասնավոր ոլորտների առաջատար փորձագետներ՝ քննարկելու տեխնոլոգիաների և նորարարությունների հնարավորություններն արդյունավետ և վստահելի թվային կառավարման զարգացման համատեքստում։
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը մասնակցել է «Կիբեռանվտանգություն և պետություն-մասնավոր գործընկերություն. համագործակցության ուժը» թեմայով պանելային քննարկմանը։ Իր ելույթում պարոն Երիցյանը ներկայացրել է Հայաստանի փորձը կայուն և անվտանգ թվային ենթակառուցվածքների և քաղաքացիակենտրոն թվային հասարակությունների կառուցման հարցում։ «Կիբեռանվտանգությունը թվայնացման հիմնասյունն է, իսկ դրա ապահովումը՝ համատեղ պատասխանատվություն։ Այս առումով մենք որդեգրել ենք համագործակցային մոտեցում։ Այս մոդելը կենսական նշանակություն ունի նորարարությունների խթանման և թվային դիմադրողականության ամրապնդման առումով», – նշել է Ներսես Երիցյանը։
Համաժողովի ընթացքում քննարկվել է նաև արհեստական բանականության դերը հանրային ծառայությունների վերափոխման գործընթացում, կարողությունների զարգացման ուղիները, թվային կառավարման իրավական հիմքերի ձևավորումը, ինչպես նաև՝ վստահության կառուցման մեխանիզմները ծառայությունների մատուցման շրջանակում։