Կիբեռվարժանք առողջապահության ոլորտի փորձագետների համար
մարտի 27, 2025
Առողջապահության ոլորտը կենսական նշանակություն ունի հասարակության կարիքներն ու պահանջները բավարարելու գործում: Հաշվի առնելով առողջապահության տեղեկատվական համակարգերում պահվող զգայուն անձնական տվյալների կարևորությունը՝ դրանց անվտանգության ապահովումն ու կիբեռխոցելիությունից պաշտպանությունը առաջնահերթություն է։
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունն առանցքային դեր է խաղում այս ջանքերում՝ անցկացնելով դասընթացներ և վարժանքներ՝ ապահովելու, որ կենսական ոլորտների փորձագետները պատրաստ լինեն կանխելու, արձագանքելու և պաշտպանելու իրենց կազմակերպությունները կիբեռ սպառնալիքներից:
Տվյալ ենթակառուցվածքները պաշտպանելու և առողջապահական ծառայությունների անխափան մատուցումն ապահովելու համար Գործակալությունը անցկացրել է կիբեռ վարժանք ոլորտի փորձագետների համար:
Կիբեռվարժանքի նպատակն էր՝ բարձրացնել առողջապահական ոլորտի պատրաստվածությունը կիբեռսպառնալիքների դեմ պայքարում՝ ծանոթացնելով արդի մարտահրավերներին ու հնարավոր կանխարգելիչ միջոցառումներին, ինչպես նաև՝ հզորացնել վերջիններիս գործնական հմտությունները մոդելավորված կիբեռ միջավայրում:
Երկօրյա զորավարժությունը կազմակերպվել է կիբեռպաշտպանության միջազգային առաջատար հարթակի մասնագետների հետ համատեղ, որին մասնակցել են առողջապահական ոլորտի թվով 17 գերատեսչության փորձագետներ։
Գործակալության կողմից նմանատիպ զորավարժությունների անցկացումը կրելու է շարունակական բնույթ՝ առանցքային դեր խաղալով կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբեռանվտանգության ամրապնդման գործում: