Կայացած միջոցառումներԹվային ճարտարապետություն

Հայաստանը մասնակցեց Միավորված ազգերի կազմակերպության 2025թ.-ի «Հանրային ծառայության» ֆորումին

սեպտեմբերի 02, 2025

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված «Հանրային ծառայության» ֆորումում (UNPSF) Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց հավաստագիր՝ 2022-2024 թվականների ընթացքում՝ թվային փոխակերպման և քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցման գործում գրանցած իր առաջընթացի համար։

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի վարչության կողմից կազմակերպված այս ֆորումը միավորել էր ավելի քան 100 երկրի ներկայացուցիչների՝ հանրային ծառայությունների ոլորտում նորարարությունների, ծառայությունների նախագծման և թվային փոխակերպման լավագույն փորձի փոխանակման նպատակով։

Հայաստանը ներկայացրին Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ՄՌ ղեկավար Սոնա Ղուկասյանը և Թվային փոխակերպման նախագծերի պատասխանատու Արուսյակ Մարտիրոսյանը։ Արուսյակ Մարտիրոսյանը ելույթ ունեցավ «Թվային կառավարում ներառական ծառայությունների մատուցման նպատակով» թեմայով՝ ընդգծելով Հայաստանի կողմից կիրառվող «կյանքի իրադարձությունների» վրա հիմնված մոտեցումը, որը պարզեցնում է քաղաքացիների և մասնավոր հատվածի փոխհարաբերությունները պետական գերատեսչությունների հետ գործընթացի կարևորագույն փուլերում միաժամանակ մի քանի ծառայությունների ինտեգրման միջոցով։

Ընգծվեց նաև միասնական թվային էկոհամակարգերի ձևավորման կարևորությունը, որոնք ծառայությունները դարձնում են քաղաքացիակենտրոն: Այն արժանացավ միջազգային լայն արձագանքի՝ հանդես գալով որպես չափելի օրինակ՝ ՄԱԿ-ի 2030թ․-ի Կայուն զարգացման օրակարգին համահունչ։