Հայաստանի ազգային կիբեռանվտանգության առաջին զորավարժությունն ամրապնդեց կիբեռանվտանգության դիմակայունությունը և կրիտիկական ենթակառուցվածքների օպերատորների կարողությունները
դեկտեմբերի 05, 2024
Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ), ՀՀ Կենտրոնական բանկի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, հաջողությամբ կազմակերպեցին Հայաստանի առաջին ազգային կիբեռ զորավարժությունը:
Երևանում անցկացված միջոցառումը համախմբեց ավելի քան 200 մասնագետների՝ կառավարությունից, ակադեմիական համայնքից և կրիտիկական ենթակառուցվածքներից՝ հզորացնելու երկրի կիբեռանվտանգության կարողությունները և խթանելու միջոլորտային համագործակցությունը:
Կիբեռվարժանքի առաջնային նպատակն էր հզորացնել տարբեր շահառուների, այդ թվում՝ պետական գերատեսչությունների, վերահսկող մարմինների, հեռահաղորդակցության օպերատորների, ֆինանսական հաստատությունների և հանրային ծառայությունների հաղորդակցման և միջադեպերին արձագանքելու կարողությունները: Ներգրավելով մասնակիցների լայն շրջանակ՝ միջոցառումն ուղղված էր կիբեռանվտանգության աճող սպառնալիքներին դիմակայելու համակարգված և միասնական մոտեցման մշակմանը, ինչպես նաև երկրի կրիտիկական ենթակառուցվածքների կայունությունն ապահովելուն։
Միջոցառման առաջին օրը նվիրված էր կիբեռանվտանգության՝ գլոբալ և տարածաշրջանային զարգացող շրջանակի վերաբերյալ քննարկումներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի առանձնահատկություններին։ Փորձագետները ներկայացրեցին կիբեռանվտանգության վերջին միտումները, մարտահրավերները և զարգացող տեխնոլոգիաների դերը: Հիմնական քննարկումները ծավալվեցին տարբեր շահառուների միջև համագործակցության, նորարարական մոտեցումների և արդյունավետ քաղաքականության մշակման միջոցով անվտանգ և ճկուն թվային ապագայի կառուցման շուրջ։ Թեմաները ներառում էին իրավական կարգավորումներ, տեխնիկական հագեցվածություն, կազմակերպչական կառուցվածքներ, կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ և տարածաշրջանային համագործակցության ջանքեր:
Օրվա առանցքային պահերից էր ֆինանսական և հեռահաղորդակցության ոլորտների համար կազմակերպված գործնական ինտերակտիվ վարժությունների շարքը։ Ինտերակտիվ վարժանքները մասնակիցներին թույլ տվեցին ներգրավվել սցենարի վրա հիմնված քննարկումների մեջ՝ մոդելավորելով արտակարգ իրավիճակների արձագանքները և ուսումնասիրելով, թե ինչպես կարող են տարբեր կազմակերպչական թիմեր աշխատել ճգնաժամի դեպքում՝ իրական ժամանակում վերանայելու դերերը, ընթացակարգերը և արձագանքները:
Երկրորդ օրը ուշադրությունը կրիտիկական ենթակառուցվածքների օպերատորների գործնական տեխնիկական ուսուցման վրա էր: Մասնակիցները իրականացրել են կառուցվածքային վարժանքներ, որոնք հիմնված են մոդելավորված կիբեռսպառնալիքների վրա, ներառյալ՝ կիբերհարձակումների զարգացող ձևերը:
Այս սիմուլյացիան արժեքավոր պատկերացումներ է տվել կիբեռռիսկերի ըմբռնման, կանխարգելման և դրանց արձագանքման վերաբերյալ՝ մասնակիցներին տրամադրելով գիտելիքներ և գործիքներ՝ բարձրացնելու վերջիններիս պատրաստականությունն ու ճկունությունը: Զորավարժությունները կոչված էին ամրապնդելու միջոլորտային համագործակցությունը և նպաստելու մասնակիցների միջև փորձառության և տեղեկատվության փոխանակմանը:
Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանն իր խոսքում մասնավորապես նշեց․ «Առաջին ազգային կիբեռվարժանքը ոչ միայն նպաստեց կիբեռանվտանգության ներկայիս սպառնալիքների շուրջ ավելի խորը ըմբռնմանը, այլև Հայաստանի կիբեռանվտանգության հիմնական շահառուների միջև հարթակ ստեղծեց շարունակական համագործակցության և կարողությունների զարգացման համար: Այս իրադարձության շնորհիվ Հայաստանն ավելի ամրապնդեց իր հանձնառությունը կիբեռանվտանգության ամուր շրջանակի մշակման հարցում, որն ունակ է պաշտպանել իր կրիտիկական ենթակառուցվածքները և ապահովել իր թվային միջավայրի անվտանգությունը»։