Մեկնարկում են Ուսանողական Ազգային Կիբեռվարժանքները
օգոստոսի 01, 2025
Ծրագրի մասին
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը մեկնարկում է առաջին Ուսանողական ազգային կիբեռվարժանքը։ Այս հոկտեմբերին Հայաստանի տարբեր համալսարանների ուսանողներ կմասնակցեն ազգային մասշտաբով կիբեռանվտանգության սիմուլյացիոն վարժանքի, որտեղ կլուծեն իրական կիբեռ միջադեպեր։ Նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել կիբեռանվտանգության իրազեկվածությունն ու հմտությունները ուսանողների շրջանում։
Վարժանքը հանդիսանում է ՀՏՀԳ երկարաժամկետ ռազմավարության մի մասը՝ ուղղված թվային անվտանգ ապագայի կառուցմանը և կիբեռ առաջնորդների նոր սերնդի ձևավորմանը։ Մասնակիցները ներգրավված են իրական աշխարհում տեղի ունեցող կիբեռպատահարների մոդելավորմամբ՝ ինտերակտիվ, դերային ուսուցման մեթոդներով, համահունչ Հայաստանի թվայնացման և ազգային կիբեռանվտանգության օրակարգին։
Կիբեռվարժանքի թեմատիկ ուղղությունները
Ծրագիրը ուսանողներին առաջարկում է գործնական փորձ ձեռք բերելու և մրցելու հնարավորություն հետևյալ հիմնական ուղղություններով՝
- Սպառնալիքների որս (Threat Hunting)
- SIEM համակարգերի հիմունքներ
- Թվային ֆորենսիկա (Digital Forensics)
- Վնասակար ծրագրերի վերլուծություն (Malware Analysis)
Ուսանողական ազգային կիբեռվարժանքի նկարագիրն՝ ըստ փուլերի
Ուսանողական ազգային կիբեռվարժանքի շրջանակում ուսանողները ընտրվում են նախաորակավորման երկու փուլերի արդյունքում: Նախաորակավորման փուլերի շրջանակներում ուսանողները մասնակցում են ներհամալսարանական կիբեռվարժանքների և ինտենսիվ ինքնուսուցման ծրագրի: Նախաորակավորման փուլերը հաղթահարած լավագույն ուսանողները ստանում են հրավեր մասնակցելու հոկտեմբերին կայանալիք Ուսանողական ազգային կիբեռվարժանքին:
Նախաորակավորման առաջին փուլ՝ հուլիսի 3-9
Հուլիսի 3-9-ը ավարտվեց նախաորակավորման առաջին փուլը․ Հայաստանի 6 համալսարաններից (Երևանի Պետական Համալսարան, Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Հայաստանում Ֆրանսիական Համալսարան, Երևանի Մանկավարժական Համալսարան, Հայ-Ռուսական Համալսարան, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան, Եվրասիա Միջազգային համալսարան) ավելի քան 100 ուսանող մասնակցեցին իրական կիբեռհարձակման սիմուլյացիոն վարժանքների։ Այս պահին ուսանողներից 50-ը շարունակում են զարգացնել իրենց կարողությունները Ուսանողական ազգային կիբեռվարժանքին ընդառաջ՝ ինքնուսուցման ծրագրի միջոցով:
Նախաորակավորման երկրորդ փուլ՝ օգոստոսի 20-30
Նախաորակավորման երկրորդ փուլի հայտերի ընդունումը բաց է: Երկրորդ փուլին դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է: Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ՝ Ուսանողական ազգային կիբեռվարժանք | Նախաորակավորման երկրորդ փուլ (օգոստոս-հոկտեմբեր)
Ուսանողական ազգային կիբեռվարժանք՝ հոկտեմբեր, 2025
Հոկտեմբեր ամսին տեղի կունենա Ուսանողական ազգային կիբեռվարժանքը, որի ընթացքում նախաորակավորման փուլերում լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողները կմրցեն ազգային ուսանողական կիբեռթիմը կազմելու համար: Ընտրված թիմը առաջիկա տարվա ընթացքում կանցնի ինտենսիվ վերապատրաստումներ՝ զարգացնելով հմտությունները, Հայաստանը միջազգային տարբեր կիբեռվարժանքներին ներկայացնելու տեսլականով:
Ինչ հնարավորություններ է տալիս Ուսանողական ազգային կիբեռվարժանքը ուսանողին
- Ճանապարհ դեպի միջազգային կիբեռ հարթակներ - Լավագույն մասնակիցները կձևավորեն Հայաստանի Ուսանողական Ազգային Կիբեռթիմը՝ ներկայացնելու ՀՀ-ն միջազգային կիբեռանվտանգության մրցաշարերում,
- Կհարստացնեն սեփական կիբեռզինանոցը և կզարգացնեն իրենց կիբեռ կարողությունները հատուկ մշակված ինքնուրույն ուսուցման ծրագրի միջոցով,
- Մուտք դեպի հզոր համայնք - մասնակիցները կստանան ոլորտի առաջատարների, լավագույն ուսանողների և փորձառու մենթորների հետ ծանոթանալու հնարավորություն։
Մասնակցության կարգը և ժամկետները
Ուսանողական ազգային կիբեռվարժանքին կարող են միանալ այն ուսանողները, ովքեր՝
- սիրում են մարտահրավերներ, թիմային աշխատանք ու բարդ խնդիրներ,
- սովորում են Տեղեկատվական անվտանգության, Ինժեներիայի, Ծրագրավորման, Տվյալագիտության կամ հարակից ոլորտներում,
- տիրապետում են անգլերենի առնվազն B1 մակարդակի։
Նախաորակավորման երկրորդ փուլի վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է։
Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ ՝ https://tfaforms.com/5186757