Կայացած միջոցառումներ

CyberGEN 2025-ը միավորում է փորձագետներին ու երիտասարդներին կիբեռանվտանգության շուրջ

հունիսի 19, 2025

Դիլիջանում հունիսի 16-ին մեկնարկել է CyberGEN 2025 միջազգային համաժողովը, որը չորրորդ տարին անընդմեջ համախմբում է կիբեռանվտանգության առաջատար փորձագետներին, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի գլոբալ մարտահրավերները և համատեղելու ուժերը թվային անվտանգ ապագայի ձևավորման գործում։

Համաժողովը կազմակերպվել է «Կիբեռանվտանգության շաբաթ 2025»-ի շրջանակում՝ Հայաստանի կենտրոնական բանկի, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Cyhub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության համատեղ ջանքերով։

Համաժողովի նպատակն է՝ խթանել երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը կիբեռանվտանգության ոլորտում՝ ամրապնդել նրանց գիտելիքները և փորձը, զարգացնել հմտությունները, ինչպես նաև ընդլայնել ոլորտային համագործակցության հնարավորությունները։

Բացման խոսքով հանդես է եկել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ընդգծելով «Վերջին չորս տարիների ընթացքում CyberGEN-ն ազգային քննարկումից վերաճել է տարածաշրջանային և միջազգային հարթակի, որը միավորում է կիբեռանվտանգության, ֆինանսների և տեխնոլոգիաների ոլորտի ամենահմուտ մասնագետներին` քննարկելու և լուծելու կիբեռանվտանգության այսօրվա և վաղվա ամենաարդիական մարտահրավերները»:

Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանն իր խոսքում նշել է«Մեր նպատակը ոչ միայն արձագանքելն է ընթացիկ խնդիրներին, այլև պատրաստ լինել ապագայի մարտահրավերներին։ Մենք տեսնում ենք արհեստական բանականության և նորարար տեխնոլոգիաների հնարավոր ազդեցությունները՝ ապահովելու, որ Հայաստանի թվային միջավայրը լինի ճկուն, վստահելի և անվտանգ»։

CyberGEN 2025-ի օրակարգի առանցքում են ոլորտային խորքային քննարկումները և գործնական վարժանքները, որոնք միտված են կիբեռանվտանգության ներուժի վերհանմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվել թեմատիկ սեսիաների, որոնք վերաբերում են նորարար տեխնոլոգիաների և արհեստական բանականության ռիսկերին, միջադեպերի արձագանքման և սիմուլյացիայի ինտերակտիվ աշխատանքներին։

Միջոցառման շրջանակում նախատեսված է նաև անցկացնել “Bug Bounty” ծրագիրը, որը հնարավորություն կտա կիբեռփորձագետներին փորձել հայտնաբերել թվային համակարգերում առկա խոցելիությունները՝ խթանելով կիբեռպաշտպանության մեխանիզմների կատարելագործումը։