Կիբեռանվտանգություն

Խթանում ենք կիբեռանվտանգությունը Հայաստանում

նոյեմբերի 06, 2025

ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում տեղի ունեցավ երկօրյա աշխատաժողով, որի նպատակն էր ամրապնդել կիբեռանվտանգությունը և բարելավել կիբեռճգնաժամերին արձագանքելու համակարգման գործընթացը։

Ինտերակտիվ քննարկումների միջոցով անդրադարձ կատարվեց այնպիսի հիմնական թեմաների, ինչպիսիք են՝

  • կիբեռճգնաժամերին արձագանքման շրջանակները,
  • կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտում պետական-մասնավոր գործընկերությունը,
  • միջադեպերի մասին տեղեկատվության ստացման և փոխանակման մեխանիզմները։

Մասնակիցները պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունը խթանելու վերաբերյալ արժեքավոր գիտելիքներ ստացան նաև Գերմանիայի տեղեկատվական անվտանգության դաշնային գրասենյակի ներկայացուցչից։

Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Լարս Հեննիգն ընդգծեց միջազգային համագործակցության կարևորությունը ողջ աշխարհում կիբեռանվտանգության բարձրացման համար։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության Կիբեռանվտանգության տնօրեն Շանթ Քասարդջյանը։

Աշխատաժողովը կազմակերպվել էր «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է GIZ-ի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակմամբ և Եվրոպական հանձնաժողովի համաֆինանսավորմամբ։ Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության միջև սերտ համագործակցությամբ։