Կայացավ ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովը` քննարկելու Հայաստանի դերը թվային կառավարման միջազգային օրակարգում
նոյեմբերի 07, 2025
Համաժողովի ընթացքում միջազգային և տեղական գործընկերները քննարկեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ինտերնետի կառավարման և կարգավորման, կիբեռանվտանգության, տվյալների պաշտպանության, թվային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև Հայաստանի դերին՝ միջազգային ինտերնետային միջավայրում։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ անդրադառնալով փոփոխվող աշխարհում ինտերնետի ու նոր տեխնոլոգիաների առանցքային նշանակությանը։
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանն իր խոսքում ընդգծեց, որ կիբեռանվտանգությունն ու տվյալների փոխգործելիությունը վստահելի և թափանցիկ թվային կառավարման հիմքն են: Նրա խոսքով՝ թվային ենթակառուցվածքների զարգացումը և միասնական տեխնիկական ու իրավական չափանիշների ձևավորումը կարևոր են պետական կառավարման կայունության, բիզնեսի արդյունավետության և քաղաքացիների վստահության ամրապնդման տեսանկյունից։
Նա ընդգծեց նաև Հայաստանի թվայնացման գործում պետական-մասնավոր հատվածի գործընկերության ձևավորման և դինամիկ երկխոսության ապահովման կարևորությունը` որպես ներառական և պատասխանատու թվային միջավայրի ձևավորման պայման։
Այս մոտեցումը լիովին համահունչ է Ինտերնետի կառավարման ֆորումի (IGF) միջազգային օրակարգին, որը խթանում է բազմաշերտ համագործակցությունը՝ ուղղված բաց, անվտանգ և կայուն թվային էկոհամակարգերի կառուցմանը։