Կիբեռանվտանգության իրազեկման արշավի հերթական կանգառը. Գյումրի
դեկտեմբերի 02, 2025
Նոյեմբերի 28-ին «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում կայացավ կիբեռանվտանգության իրազեկման արշավի հերթական հանդիպումը, որին մասնակցում էին շուրջ 150 աշակերտներ Գյումրիի և հարակից համայնքների ԹՈՒՄՈ տուփերից։
Հանդիպումը մեկնարկեց ինտերակտիվ ձևաչափով․ աշակերտները հատուկ ծրագրի միջոցով պատասխանում էին կիբեռանվտանգությանը, կիբեռհարձակումներին և առցանց ռիսկերին վերաբերող հարցերին:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց կիբեռանվտանգության ներկա մարտահրավերները, տվյալների պաշտպանության մշակույթը, արհեստական բանականության կիրառությունների հնարավոր ռիսկերն ու առավելությունները, դիփֆեյքերի ազդեցությունը և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքները։ Նա կարևորել է նաև թվային հմտությունների զարգացումը՝ դիտարկելով այն որպես ժամանակակից կրթության և անվտանգության անբաժան բաղադրիչ։
Հաջորդիվ ներկայացվեցին ՀՏՀԳ AM-CERT (Համակարգչային միջադեպերի արձագանքման ազգային թիմ)-ի փորձագետների կողմից մշակված կիբեռհիգիենային և առցանց ապահով վարքագծին վերաբերող տեղեկատվական նյութեր, ելույթներ։ Անցկացվեցին ինտերակտիվ քննարկումեր, գլուխկոտրուկներ և խաղեր:
Հանդիպման ամենից ակտիվ հատվածներից էր հարցուպատասխանը։ Աշակերտները հարցեր էին բարձրացնում ամենից տարածված կիբեռհարձակումների և սպառնալիքների մասին, իսկ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը դրանցից յուրաքանչյուրին պատասխանում էր հստակ և խորքային բացատրություններով՝ ներկայացնելով, թե ինչպես պետք է ճիշտ արձագանքել նման իրավիճակներում։
Իրազեկման արշավի շրջանակում ներկայացվեցին նաև կրթական համակարգում ԱԲ գործիքների դրական կիրառության օրինակներ․ մասնակիցներն ուսումնասիրեցին, թե ինչպես կարելի է կառավարել դրանց կիբեռանվտանգային ռիսկերը և ինչպես արհեստական բանականության միջոցով ստեղծել ուսումնական նյութեր՝ կրթությունը դարձնելով ավելի ինտերակտիվ և արդյունավետ։
Կիբեռանվտանգության իրազեկման արշավը նպատակ ունի ձևավորել ավելի պաշտպանված, գիտակցված և պատասխանատու առցանց վարքագիծ թե´ դպրոցականների, թե´ մեծահասակների շրջանում։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է կազմակերպել ավելի քան 20 մարզային հանդիպում՝ ինչպես պետական հանրակրթական դպրոցներում, այնպես էլ ՔՈԱՖ և ԹՈՒՄՈ կենտրոններում ու ՖաբԼաբ Դիլիջանի կենտրոնում։
Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից: