«Պահպանել առողջությունը» կյանքի իրադարձության շրջանակներում կազմակերպվեց աշխատաժողով
դեկտեմբերի 08, 2025
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, ՀՀ Առողջապահության նախարարությունը և Առողջապահության ազգային ինստիտուտը համատեղ կազմակերպեցին աշխատաժողով՝ ներգրավելով առողջապահական հաստատությունների, պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության և ակադեմիական համայնքի գործընկերներին։
Աշխատաժողովի նպատակն էր համատեղ ուժերով նախագծել կարևորագույն առողջապահական ծառայությունների թվայնացման ճանապարհային քարտեզը։
«Պահպանել առողջությունը» կյանքի իրադարձությունը ներառում է այն առողջապահական ծառայությունները, որոնց հետ քաղաքացին առնչվում է իր առողջությանը վերաբերող կյանքի տարբեր իրավիճակներում՝ բժշկի այց, հերթագրում, պատվաստում և կանխարգելիչ հետազոտություններ։ Այն ուղղված է քաղաքացիներին առավել արագ և հասանելի առողջապահական ծառայությունների մատուցմանը։
Մասնակիցները, աշխատելով տարբեր խմբերում, մշակեցին թվային լուծումների կիրառման ռազմավարություներ՝ ուղղված կառավարման, փոխգործելիության, տեխնոլոգիական հագեցվածության ապահովմանն ու քաղաքացիների ներգրավմանը։
Այս համագործակցային ջանքերը կարևոր հանգրվան են Հայաստանի առողջապահության թվային էկոհամակարգի ձևավորման համար։ Դրանք օգնում են ձևավորել երկրի երկարաժամկետ թվային առողջապահական տեսլականը՝ ապահովելով հասանելի, ներառական ու անվտանգ ծառայությունների մատուցման հնարավորությունը։