Հետաքրքրության հայտը՝ կից անհրաժեշտ փաստաթղթերով, անհրաժեշտ է ուղարկել մինչ հոկտեմբերի 19, ժամը 00։00 capacity.building@isaa.am էլեկտրոնային հասցեին։
Արհեստական բանականության վերապատրաստման ծրագրի մոդուլների մշակման և անցկացման անհատ խորհրդատու(ներ)
հոկտեմբեր 12, 2026
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ) նախատեսում է հանրային հատվածի աշխատակիցների համար ներդնել արհեստական բանականության (ԱԲ) թեմայով ուսուցման ծրագիր, որն ընդգրկում է ԱԲ համակարգերի աշխատանքի հիմունքները, դրանց կիրառումը, ազդեցությունները, ինչպես նաև էթիկայի, կառավարման, գաղտնիության, անվտանգության և պատասխանատու կիրառման հարցերը։
Ծրագիրը նպատակ ունի ձևավորել ԱԲ-ի անվտանգ, պատասխանատու և արդյունավետ կիրառման գործնական հմտություններ։ Այդ նպատակով ՀՏՀԳ-ն հրավիրում է անհատ փորձագետների՝ ներկայացնելու հայտ, Հավելված 1-ում նշված մեկ կամ մի քանի մոդուլների մշակման և իրականացման համար։
Առաջադրանքի նպատակը
Սույն տեխնիկական առաջադրանքի նպատակն է մրցութային կարգով ընտրել համապատասխան որակավորում և փորձ ունեցող անհատ խորհդատու(ներ)ի, որոնք իրենց կողմից ընտրված մոդուլ(ներ)ի շրջանակում կկարողանան՝
- Մշակել և նախապատրաստել ուսուցման ամբողջական բովանդակությունն ու գործնական բաղադրիչները՝ ըստ Հավելված 1-ում սահմանված մոդուլների և ուսումնառության վերջնարդյունքների,
- իրականացնել ուսուցումը ՀՏՀԳ-ի հետ համաձայնեցված ձևաչափով և ժամանակացույցով,
- ուսումնառության արդյունքների, մասնակիցների հետադարձ կապի և ՀՏՀԳ-ի դիտարկումների հիման վրա վերանայել նյութերը,
- ներկայացնել վերջնական և խմբագրվող ուսումնական նյութերի ամբողջական փաթեթ ՀՏՀԳ-ին վերօգտագործման նպատակով։
Առաջադրանքի ընդհանուր շրջանակը
Ընտրված խորհրդատուն յուրաքանչյուր ընտրած մոդուլի համար պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները․
-
մասնակցել մեկնարկային հանդիպմանը ՀՏՀԳ-ի հետ և ճշգրտել թիրախային լսարանը, մոդուլի ուսումնառության վերջնարդյունքները, բովանդակային շեշտադրումները, ձևաչափը և կազմակերպչական պայմանները,
-
Հավելված 1-ում ներկայացված վերջնարդյունքների հիման վրա մշակել մոդուլի մանրամասն ուսումնական ծրագիրը, ուսուցման կառուցվածքային ընթացքը և դասավանդման տրամաբանությունը,
-
պատրաստել սահիկաշարեր, գործնական առաջադրանքներ, իրավիճակներ (case studies), քննարկման հարցեր, գնահատման գործիքներ և անհրաժեշտ օժանդակ նյութեր,
-
մշակել հանրային հատվածի գործունեությանը համապատասխան տեղայնացված օրինակներ, սցենարներ և գործնական առաջադրանքներ,
-
անհրաժեշտության դեպքում մշակել նախնական և հետուսումնական գնահատման (pre-test/post-test) կամ այլ գիտելիքի ստուգման գործիքներ,
-
իրականացնել մոդուլով սահմանված ուսումնառությունը և դասավանդումը, ինչպես նաև ֆասիլիտացնել մասնակիցների գործնական աշխատանքն ու քննարկումները,
-
ուսումնառությունից հետո վերանայել և բարելավել բովանդակությունը, գործնական առաջադրանքները և գնահատման գործիքները,
-
ՀՏՀԳ-ին փոխանցել վերջնական փաթեթը՝ խմբագրվող աղբյուր ֆայլերով և նյութերի կառուցվածքի/օգտագործման հստակ ցուցումներով։
Դասավանդման և նյութերի մշակման մեթոդաբանական սկզբունքներ
-
Ուսուցման յուրաքանչյուր մոդուլի առնվազն 40–50%-ը պետք է կազմեն գործնական աշխատանքը, իրավիճակների վերլուծությունը, փորձարկումը, քննարկումը և արդյունքամետ առաջադրանքները,
-
օրինակները և առաջադրանքները պետք է հնարավորինս համապատասխանեն հանրային հատվածի խնդիրներին, փաստաթղթերին, աշխատանքային գործընթացներին և որոշումների ընդունման տրամաբանությանը,
-
համապատասխան մոդուլներում պարտադիր պետք է ներառվեն մարդկային վերահսկողության, փաստերի ստուգման, աղբյուրների գնահատման, պատասխանատվության, տվյալների պաշտպանության և անվտանգ օգտագործման սկզբունքները,
-
ուսուցման գործողությունները պետք է բացառեն մասնակիցների կողմից իրական գաղտնաբառերի, կազմակերպական/գաղտնի տվյալների, API թոքենների կամ գործառնական համակարգերի հասանելիություն տրամադրող տվյալների օգտագործումը,
-
նյութերը պետք է մշակվեն պարզ լեզվով, հստակ կառուցվածքով և հնարավորինս համապատասխանեն համընդհանուր ուսումնառության նախագծման սկզբունքներին,
-
բոլոր վերջնական նյութերը պետք է լինեն համակարգված, խմբագրվող և ըմբռնելի ինքնուսուցման տեսանկյունից։
Մոդուլների ընտրություն և աշխատանքի կազմակերպում
- Անհատ խորհրդատուն կարող է իր առաջարկում ներկայացնել Հավելված 1-ում նշված մեկ, մի քանի կամ բոլոր մոդուլները։
- Յուրաքանչյուր ընտրված մոդուլի համար թեկնածուն պետք է ցույց տա թեմատիկ համապատասխան փորձառություն և առաջարկի իր մոտեցումը տվյալ մոդուլի մշակման ու դասավանդման համար։
- ՀՏՀԳ-ն կարող է պայմանագիր կնքել տարբեր մոդուլների համար տարբեր խորհրդատուների հետ։ Նույն խորհրդատուն կարող է ընտրվել մեկից ավելի մոդուլների համար, եթե յուրաքանչյուր մոդուլի համար ունի անհրաժեշտ մասնագիտական փորձառություն։
- Ընտրված խորհրդատուները պետք է համագործակցեն ՀՏՀԳ-ի և, անհրաժեշտության դեպքում, այլ ընտրված խորհրդատուների հետ՝ ծրագրի ընդհանուր տրամաբանությունը, տերմինաբանությունը, մեթոդաբանական մոտեցումները և նյութերի կառուցվածքը համահունչ պահելու նպատակով։
Արդյունքներ, փուլեր և ժամկետներ
Յուրաքանչյուր ընտրված մոդուլի աշխատանքը նախատեսվում է իրականացնել երեք հաջորդական փուլով՝ ընդհանուր շուրջ 6 շաբաթ տևողությամբ։ Ընտրության մասին ծանուցումը նախատեսվում է ուղարկել մոտավորապես 2026 թ. հոկտեմբերի 30-ին, և թեկնածուն պետք է հաստատի անմիջապես աշխատանքը սկսելու պատրաստակամությունը։
Տևողությունը՝ 2 շաբաթ
Հիմնական աշխատանքներ։ Մեկնարկային հանդիպում, բովանդակության մանրամասն մշակում, դասընթացի տրամաբանական ընթացք, գործնական աշխատանքներ, գնահատման գործիքներ, ուսուցման նյութերի նախնական փաթեթ։
Պարտադիր արդյունքներ։ Համաձայնեցված մոդուլի ծրագիր և օրակարգ, ներկայացման/դասավանդման նյութեր, գործնական առաջադրանքներ, գնահատման գործիքներ, ուսուցման համար պատրաստ նախնական փաթեթ։
Տևողությունը՝ 1-2 շաբաթ
Հիմնական աշխատանքներ։ Ուսուցման իրականացում, քննարկումների և գործնական աշխատանքի ֆասիլիտացում, մասնակիցների առաջընթացի և հետադարձ կապի փաստագրում։
Պարտադիր արդյունքներ։ Իրականացված ուսուցում, լրացված գնահատման/հետադարձ կապի տվյալներ, հիմնական դիտարկումների և բարելավման կետերի ամփոփում։
Տևողությունը՝ 1-2 շաբաթ
Հիմնական աշխատանքներ։ Նյութերի վերանայում՝ ուսուցման արդյունքների և ՀՏՀԳ-ի դիտարկումների հիման վրա, համար կառուցվածքային պատրաստում, աղբյուր ֆայլերի վերջնականացում։
Պարտադիր արդյունքներ։ Վերջնական ուսումնական փաթեթ, խմբագրվող աղբյուր ֆայլեր, ուսուցման վերջնական նյութեր, գնահատման գործիքներ, օգտագործված աղբյուրների/հղումների ցանկ, կարճ վերջնական հաշվետվություն։
Նշում․ Փուլերի ստույգ օրերը կհաստատվեն պայմանագրով և ՀՏՀԳ-ի կողմից համաձայնեցված ուսուցման օրացույցով։
Անհատ խորհրդատուին ներկայացվող պահանջները
- Բարձրագույն կրթություն արհեստական բանականության, համակարգչային գիտության, տվյալագիտության, հանրային կառավարման կամ տվյալ մոդուլին համապատասխան հարակից ոլորտում,
- առնվազն 5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ՝ ԱԲ/ՄՈՒ (ML), գեներատիվ ԱԲ, ԱԲ կառավարում, տվյալների պաշտպանություն, կիբեռանվտանգություն, տեխնոլոգիական քաղաքականություն կամ համապատասխան մոդուլին առնչվող այլ ոլորտում,
- առնվազն 2 տարվա ինտերակտիվ վերապատրաստման/դասավանդման փորձ մեծահասակների համար,
- առնվազն երկու համապատասխան ուսուցման ծրագրի կամ մոդուլի մշակման և/կամ իրականացման փաստագրված փորձ,
- խմբային քննարկումների, գործնական աշխատանքի և փորձառական ուսուցման ֆասիլիտացման կարողություն,
- համապաասխան մոդուլի թեմատիկ բովանդակությունը հանրային հատվածի իրական աշխատանքային գործընթացների և որոշումների հետ կապելու կարողություն,
- ԱԲ գործիքների անվտանգ և պատասխանատու կիրառման, մարդկային վերահսկողության, արդյունքների որակի և սահմանափակումների վերաբերյալ կիրառական իմացություն,
- գերազանց հաղորդակցության և նյութերի կառուցվածքային ներկայացման հմտություններ,
- հայերենով ուսուցում իրականացնելու և հայերեն ուսումնական նյութեր պատրաստելու կարողություն։ Անգլերենի աշխատանքային իմացությունը դիտարկվում է որպես առավելություն՝ միջազգային աղբյուրների հետ աշխատելու համար։
Պետական մարմինների, հանրային հաստատությունների, կարգավորվող ոլորտների կամ միջազգային կազմակերպությունների հետ փորձը, ինչպես նաև տարբեր երկրների/միջազգային կազմակերպությունների ԱԲ կիրառման և կառավարման մոտեցումները Հայաստանի հանրային հատվածի կարիքներին համապատասխանեցնելու փորձառությունը կդիտվի որպես առավելություն։
Հայտի կառուցվածքը և ներկայացման պահանջները
Հետաքրքրված անհատ խորհրդատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը․
- ինքնակենսագրություն (CV)՝ ընդգծելով ընտրած մոդուլ(ներ)ին համապատասխան մասնագիտական և դասավանդման փորձը,
- հստակ նշում, թե Հավելված 1-ի որ մոդուլ(ներ)ի համար է ներկայացվում հայտը,
- կարճ նկարագրություն՝ յուրաքանչյուր ընտրած մոդուլի համար ներկայացնելով տվյալ թեմայով համապատասխան փորձը, առաջարկվող մոտեցումը և գործնական բաղադրիչների տրամաբանությունը,
- համապատասխան նախկին փորձը հաստատող տեղեկություններ և, առկայության դեպքում, ուսուցման ծրագրերի, նյութերի, հրապարակումների, նախագծերի կամ այլ աշխատանքների օրինակներ/հղումներ,
- ֆինանսական առաջարկ՝ նշելով արժեքը յուրաքանչյուր մոդուլի համար առանձին և, եթե հայտը վերաբերում է մի քանի մոդուլի, նաև ընդհանուր առաջարկվող արժեքը,
- գրավոր հաստատում, որ ընտրության մասին ծանուցում ստանալուց հետո՝ մոտավորապես 2026 թ. հոկտեմբերի 30-ից, խորհրդատուն կարող է անմիջապես սկսել աշխատանքը և ապահովել հայտարարությամբ սահմանված ժամկետով փուլերի իրականացումը։
Ֆինանսական առաջարկի պահանջները
Ֆինանսական առաջարկը պետք է ներկայացվի հստակ և համադրելի ձևաչափով՝ յուրաքանչյուր ընտրված մոդուլի համար առանձին արժեքով։ Պայմանագրի արժեքը պետք է ներառի Թեկնածուի հարկային պարտավորությունները և ծառայության մատուցման հետ կապված բոլոր ծախսերը։
Ընտրության սկզբունքը
Անհատ խորհրդատուի ընտրությունը կիրականացվի՝ հիմք ընդունելով մասնագիտական փորձը, որակավորումները, ընտրած մոդուլ(ներ)ին համապատասխան փորձառությունը, ներկայացված աշխատանքի օրինակները և սահմանված ժամկետներում աշխատանքի մեկնարկի ու իրականացման հնարավորությունը։
ՀՏՀԳ-ն կարող է ընտրել մեկ կամ մի քանի անհատ խորհրդատուի՝ տարբեր մոդուլների համար։ Յուրաքանչյուր թեկնածու կդիտարկվի միայն այն մոդուլ(ներ)ի համար, որոնց համար ներկայացրել է հայտ և ունի համապատասխան փաստագրված փորձ։
Ներկայացված ֆինանսական առաջարկը պետք է համապատասխանի ընտրած մոդուլ(ներ)ի շրջանակին և սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսված աշխատանքների ամբողջ ծավալին։
ՀՏՀԳ-ն կարող է թեկնածուից պահանջել լրացուցիչ պարզաբանումներ, անցկացնել կարճ հարցազրույց կամ խնդրել ներկայացնել նախկինում մշակված նյութերի լրացուցիչ օրինակներ՝ ներկայացված փորձառությունը և համապատասխանությունը ճշտելու նպատակով։
Ընտրված անհատ խորհրդատուի հետ պայմանագրային պայմանները և վերջնական արժեքը կհաստատվեն մինչև պայմանագրի կնքումը։
Պայմանագրի կառավարում և վճարում
Վճարումները կապվելու են ՀՏՀԳ-ի կողմից ընդունված արդյունքների հետ։ Յուրաքանչյուր մոդուլի համար առաջարկվող վճարման կառուցվածքն է՝
| Փուլ | Մասնաբաժին | Պայման |
| 1. | 35% | ՀՏՀԳ-ի կողմից համաձայնեցված մոդուլի մանրամասն ծրագիր, տրամաբանական կառուցվածք և ուսուցման համար պատրաստ նախնական նյութերի փաթեթ։ |
| 2. | 30% | Մոդուլի ուսումնառության և դասավանդման իրականացում և հիմնական արդյունքների/հետադարձ կապի ամփոփման ընդունում։ |
| 3. | 35% | Վերջնական փաթեթի, խմբագրվող աղբյուր ֆայլերի և կարճ վերջնական հաշվետվության ընդունում։ |