Թվայնացում

OGP համաժողովի շրջանակում քննարկվել է Հայաստանի թվային կառավարման նոր ճարտարապետությունը

մայիսի 26, 2026

«Բաց կառավարման շաբաթվա» շրջանակում անցկացված «Թվային ժողովրդավարություն և թափանցիկ կառավարում» թեմայով պանելային քննարկման ընթացքում Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Արթուր Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի թվային կառավարման նոր ճարտարապետության ձևավորման, տեղեկատվական համակարգերի կարգավորման և լիազոր մարմնի դերակատարության վերաբերյալ օրենսդրական կարգավորումները։ 

«Թվային ճարտարապետություն և Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով լիազոր մարմնի դերը» թեմայով ներկայացման ընթացքում անդրադարձ է կատարվել այն հարցին, թե ինչու է Հայաստանին անհրաժեշտ նոր թվային կառավարման ճարտարապետություն, ինչպես նաև «Հանրային տեղեկությունների մասին» և «Կիբեռանվտանգության մասին» ՀՀ օրենքների հիմնական նպատակներին ու դրանց նշանակությանը՝ պետական թվային համակարգերի զարգացման տեսանկյունից։ 

Քննարկման ընթացքում ընդգծվել է հանրային տեղեկատվության թվայնացման, բաց տվյալների, տեղեկատվության ճշգրտության և պետական համակարգերի փոխգործելիության կարևորությունը՝ որպես վստահելի, արդյունավետ, և մարդակենտրոն թվային ծառայությունների հիմք։ 

Անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիների թվային իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության հարցերին, ինչպես նաև կիբեռանվտանգությանը՝ որպես ոչ միայն տեխնիկական, այլև ժողովրդավարական և ազգային կայունության կարևոր բաղադրիչի։ 

«Հայաստանի թվային կառավարման նոր ճարտարապետությունը պետք է ապահովի ոչ միայն արդյունավետ պետական ծառայություններ, այլև վստահելի տվյալներ, պաշտպանված իրավունքներ և թափանցիկ կառավարման միջավայր», - նշել է Արթուր Սարգսյանը։ 

Ներկայացման ընթացքում խոսվել է նաև Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի դերի մասին՝ համակարգման, միասնական ստանդարտների ձևավորման և պետական թվային միջավայրի զարգացման գործընթացներում։ 

Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմիքաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։