Կայացած միջոցառումներ

Թվային փոխակերպման առաջնորդությունը՝ որպես հաջողության գրավական

մարտի 25, 2025

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովը ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար։ Միջոցառումը կազմակերպել է Կենտրոնական բանկը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ։ 

Աշխատաժողովի նպատակն է՝ խթանել երկրում թվային օրակարգը և  համախմբել հանրային հատվածի առաջնորդների ջանքերը` թվային հասարակության ստեղծման գործում։ Միջոցառմանը մասնակցում է շուրջ 100 ներկայացուցիչ պետական համակարգի տարբեր մարմիններից։

Բացման իր խոսքում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձավ «կիբեռ դարաշրջանի» առանձնահատկություններին՝ ընդգծելով ներգրավված կողմերի միջև համագործակցության կարևորությունը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը վերահաստատեց պետության հանձնառությունը թվայնացման օրակարգի միջոցով հանրային  ծառայությունների որակի բարելավման հարցում, որի համար անհրաժեշտ է ներդնել կոլեկտիվ ջանք։

Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց թվային ճարտարապետության անկյունաքարային դերը թվային հասարակության և թվային տնտեսության կառուցման հարցում։

Աշխատաժողովի խոսնակ Անդրես Կուտտը, ով Էստոնիայի թվային փոխակերպման առաջնորդներից է, ներկայացրեց  թվայնացման էստոնական փորձն ու մոդելը, թվայնացման հիմնական քաղաքականությունները, տվյալների կառավարման, փոխգործելիության և արհեստական բանականության դերը հանրային և մասնավոր հատվածում որոշումների կայացման համար, կիբեռանվտանգության ապահովման մոտեցումները, էլեկտրոնային նույնականացման քաղաքականությունն ու իրավական հիմքերը, ինչպես նաև՝ թվային մտածելակերպի մշակութային փոփոխության և նորարարական մոտեցումների կարևորությունը։

«Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողով
ՀՏՀԳ-ն մասնակցեց երկօրյա աշխատաժողովին