Տվյալների կառավարում և փոխգործելիություն

Լաուրա Այդինյանը «Doing Digital 2026» ֆորումի շրջանակներում մասնակցեց պանելային քննարկման

ապրիլի 10, 2026

ՀՏՀԳ «Տվյալների կառավարման և փոխգործելիության» թիմի ղեկավար Լաուրա Այդինյանը «Doing Digital 2026» ֆորումի շրջանակներում մասնակցեց «Թվային ենթակառուցվածքներ և իրական տնտեսություն» խորագրով պանելային քննարկմանը։

Քննարկման առանցքում էր թվային հարթակների ու իրական տնտեսության կամրջման գործնական նշանակությունը։

Լաուրա Այդինյանն ընդգծեց՝ հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ հարթակները պետք է ծառայեն որպես հիմք, որի վրա բիզնեսները, ֆինանսական կազմակերպությունները և պետական գերատեսչությունները կմատուցեն բարձրորակ ծառայություններ ու կծավալեն անվտանգ գործունեություն։ Երբ այս հիմքերը ձևավորված են, իրական տնտեսությունն ինքնին սկսում է խթանել թվային առաջընթացը։

-Հայաստանում այս մոտեցումն այլևս ունի գործնական արտահայտություն։ Տվյալների փոխանակման նոր շերտի (ADEL) զարգացումը, դրա աջակցող բաղադրիչները՝ X-Road-ը, տվյալների կատալոգը և հիմնարար ռեգիստրերը, հնարավորություն են տալիս տարբեր կառույցների միջև ապահովել փոխգործելիություն։ Ավելի քան 30 կառույցներ՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածից արդեն իսկ միացել են համակարգին, որն իր ետևում է թողել «արդյոք փոխգործելիությունը հնարավո՞ր է» հարցը․ օրակարգային է դրա կիրառման մասշտաբայնացումը,- նշել է նա։

«Doing Digital Forum»-ը ամենամյա միջոցառում է, որը միավորում է բիզնեսի, պետական գերատեսչությունների, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների առաջնորդներին: 2026 թվականին «Doing Digital Forum»-ը միավորվել էր «Հարթակների և տնտեսությունների կամրջում» խորագրի ներքո։