«ԿիբեռԱմիս 2025» նախաձեռնության մեկնարկը Հայաստանում
հոկտեմբերի 03, 2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ), միջազգային գործընկերների հետ համատեղ, ազդարարում են «ԿիբեռԱմիս 2025» ազգային նախաձեռնության մեկնարկը։ Այն կազմակերպվում է համաշխարհային Կիբեռանվտանգության ամսվա շրջանակում և նպատակ ունի բարձրացնել հանրային իրազեկությունը, զարգացնել գործնական հմտությունները և ամրապնդել պետական–մասնավոր համագործակցությունը։
Նախաձեռնությանը կմասնակցեն պետական մարմինների ներկայացուցիչներ, կարևորագույն ենթակառուցվածքների օպերատորներ, ակադեմիական հաստատություններ, ինչպես նաև միջազգային գործընկերներ։ Այն ուղղված է ենթակառուցվածքների պաշտպանության կարողությունների ամրապնդմանը, կիբեռանվտանգության հետազոտությունների խթանմանը և մասնագիտական ներուժի զարգացմանը։
«ԿիբեռԱմիս 2025»-ի շրջանակում կանցկացվեն ինտերակտիվ դասընթացներ, տեխնիկական փորձարկումներ, իրազեկման արշավներ և գործնական ուսուցում։
Նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է․ որ թվային դարաշրջանում կիբեռանվտանգությունը ազգային անվտանգության և տնտեսական կայունության հիմք է։ Ամուր կիբեռանվտանգության համակարգերի շնորհիվ խթանվում է թվային տնտեսության զարգացումը, պաշտպանվում են կենսական ենթակառուցվածքներն ու ամրապնդվում քաղաքացիների վստահությունը պետական ծառայությունների նկատմամբ։
ՀՏՀԳ տնօրեն Ներսես Երիցյանն, իր հերթին, նշել է, որ կիբեռանվտանգությունը կարևոր է Հայաստանի թվային ենթակառուցվածքների պաշտպանության և պետական ծառայությունների արդյունավետության ապահովման համար։ Այս համատեքստում «ԿիբեռԱմիս» նախաձեռնությունը միտված է ամրապնդել համագործակցությունը և հմտությունների զարգացումը՝ կառուցելով վստահելի թվային Հայաստան։
Նախաձեռնության միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն առաջիկա շաբաթներին։
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության մասին
ՀՏՀԳ-ն ազգային մարմին է, որը պատասխանատու է թվային կառավարման, կիբեռանվտանգության եւ թվային ծառայությունների փոխգործելիության եւ վերահսկման համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ՀՏՀԳ պաշտոնական կայքը՝ isaa.am, կամ գրեք մեզ՝ pr@isaa.am էլ. հասցեին։