Կիբեռանվտանգությունը՝ վստահելի թվային միջավայրի հիմքում
հունիսի 04, 2026
2026 թվականի հունիսի 3-ին Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը մասնակցեց «Կիբեռանվտանգությունը՝ ազգային առաջնահերթություն» խորագրով պանելային քննարկմանը, որը տեղի ունեցավ RISE ֆորումի շրջանակում։
Քննարկման ընթացքում պարոն Երիցյանն ընդգծեց, որ կիբեռանվտանգությունն այսօր այլևս միայն տեխնոլոգիական խնդիր չէ. այն ազգային դիմակայունության, տնտեսական անվտանգության և վստահելի թվային միջավայրի ձևավորման առանցքային նախապայմաններից է։
Անդրադառնալով ոլորտի հիմնական մարտահրավերներին՝ նա նշեց, որ աճող և արագ փոփոխվող կիբեռսպառնալիքների պայմաններում, երբ շուկայում նկատվում է որակյալ մասնագետների պակաս, իսկ ջանքերը հաճախ մնում են մասնատված, կիբեռանվտանգության ապահովումը հնարավոր է միայն պետության, մասնավոր հատվածի, ակադեմիական և մասնագիտական համայնքների սերտ համագործակցության, տեղեկատվության ժամանակին փոխանակման և համակարգված գործողությունների միջոցով։
«Կարևոր է գիտակցել, որ կիբեռանվտանգությունը նորարարության ճանապարհին խոչընդոտ չէ։ Ընդհակառակը՝ այն այն հիմքն է, որի վրա հնարավոր է կառուցել մասշտաբային, կայուն և դիմակայուն թվային զարգացում։ Ուժեղ կիբեռանվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում բարձրացնում է երկրի մրցունակությունը, ամրապնդում վստահությունը թվային ծառայությունների նկատմամբ և նպաստում առկա ներուժի լիարժեք իրացմանը», – նշել է պարոն Երիցյանը։
RISE ֆորումի շրջանակում կիբեռանվտանգության թեմայի քննարկումը ևս մեկ անգամ ընդգծեց անվտանգ և վստահելի թվային միջավայրի առանցքային նշանակությունը Հայաստանի տեխնոլոգիական զարգացման, թվային ծառայությունների ընդլայնման և տնտեսության մրցունակության բարձրացման համար։