Հանրակրթական դպրոցներում մեկնարկել է կիբեռանվտանգության իրազեկման արշավը
նոյեմբերի 01, 2025
Հանրակրթական դպրոցներում մեկնարկել է կիբեռանվտանգության իրազեկման արշավը, որի նպատակն է բարձրացնել կիբեռանվտանգության իրազեկվածությունը 6-12-րդ դասարանների աշակերտների, ուսուցիչների և ծնողների շրջանում։
Ծրագրի մեկնարկը տրվեց հոկտմբերի 31-ին ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում, որին մասնակցում էին շուրջ 300 աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ համայնքային դպրոցներից։
Արշավն իրականացնում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ։ Երկամսյա արշավի շրջանակում նախատեսվում է իրականացնել 14 մարզային հանդիպում, որոնցից 11-ը հանրակրթական դպրոցներում, իսկ 5-ը՝ ՔՈԱՖ և ԹՈՒՄՈ Գյումրի, Կողբ, Դիլիջան, Կապան կենտրոններում։ Յուրաքանչյուր հանդիպմանը կներգրավվի մոտ 300 մասնակից՝ ընդհանուր ընդգրկելով շուրջ 4000 մասնակցի:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել բանախոսությամբ՝ անդրադառնալով կիբեռանվտանգության, տվյալների պաշտպանության, արհեստական բանականության կիրառությունների, դիպֆեյք տեխնոլոգիաների և ապատեղեկատվության թեմաներին։
Նախարարը նշել է, որ կիբեռանվտանգությունը համատեղ պատասխանատվություն է՝ աշակերտների, ծնողների, ուսուցիչների, մասնագետների և Կառավարության միջև։
Մեր նպատակն է կիբեռանվտանգությունը դարձնել ոչ միայն տեխնիկական գիտելիքի, այլև մտածողության, պատասխանատու վարքագծի և քննադատական ընկալման ձև։
Այս նախաձեռնությունը կօգնի մեր քաղաքացիներին դառնալ ավելի տեղեկացված, քննադատական և պատասխանատու առցանց միջավայրում՝ դարձնելով նրանց առավել գրագետ թվային աշխարհում»,– ասել է նա։
«Մեր արշավի հիմքում ընկած է «Թվային աշխարհը քո տունն է․ պահպանի՛ր այն անվտանգ ու մաքուր» կարգախոսը։ Սա ընդգծում է կիբեռպաշտպանության և հիգիենայի կարևորությունը, թե ինչպես գնահատել, կանխարգելել և կառավարել ռիսկերը թվային տիրույթում, ինչպես պաշտպանել անձնական տվյալներն ու օգտվել ապահով ցանցերից։ Այս ծրագրով մենք նպատակ ունենք ծանոթացնել աշակերտներին կիբեռանվտանգության հիմունքներին, ինչպես նաև բարձրացնել նրանց թվային գրագիտությունն ու խթանել պատասխանատու վարքագիծ առցանց միջավայրում»,- նշել է ՀՏՀԳ տնօրեն Ներսես Երիցյանը[LA1] [HB2] ։
Ծրագիրը համադրում է ինտերակտիվ ուսուցումը և իրական օրինակները՝ կիբեռանվտանգությունը դարձնելով հասանելի, հետաքրքիր և անմիջապես կիրառելի աշակերտների համար։ Մասնակիցներին ներկայացվելու է կիբեռանվտանգության կարևորությունը համաշխարհային և հայաստանյան համատեքստում, իսկ յուրաքանչյուր հանդիպում ամփոփվելու է քննարկումներով՝ նվիրված արհեստական բանականության դերին, դիպֆեյքերի և ապատեղեկատվության վտանգներին։
Արշավի ընթացքում կներկայացվեն ԲՏԱ նախարարի և AM-CERT (Ազգային կիբեռ միջադեպերի արձագանքման) թիմի փորձագետների կողմից մշակված տեղեկատվական նյութեր, ելույթներ, ինչպես նաև կիրականացվեն ինտերակտիվ քննարկումեր, գլուխկոտրուկներ և խաղեր: