ԿիբեռանվտանգությունԿայացած միջոցառումներ

Միջազգային կիբեռզորավարժությունը Հայաստանում․ ամրապնդելով դիմակայունությունը

հոկտեմբերի 22, 2025

Հայաստանում անցկացվում է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կիբեռզորավարժությունը՝ միավորելով պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին, մասնավոր հատվածի ընկերություններին, տեղական և միջազգային գործընկերներին՝ համատեղ ուժերով զարգացնելու կիբեռ կարողությունները։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Կիբեռանվտանգության ոլորտում արդյունավետ քաղաքականությունների ներդրումը օրեցօր ավելի կարևոր է՝ հաշվի առնելով գլոբալ մակարդակով զարգացող և ընդլայնվող կիբեռսպառնալիքները։

Սա պահանջում է հստակ և նպատակային քայլեր, որոնք Կառավարությունը ձեռնարկում է՝ համագործակցելով մասնավոր հատվածի, ոլորտային մասնագետների և միջազգային գործընկերների հետ»,- նշեց նախարարը։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանն ընդգծեց, որ հարթակի նպատակն է անվտանգության քաղաքականությունը վերածել գործառնական համակարգերի, ստանդարտների և կարողությունների, որոնց շնորհիվ Հայաստանը դառնում է առավել անվտանգ, իսկ թվային կառավարումը՝ ավելի ուժեղ։ 

Նա նշեց, որ նման վարժանքները նպաստում են համակարգված համագործակցության խորացմանը, փորձի փոխանակմանը և արագ արձագանքման կարողությունների զարգացմանը։ Միջոցառումը նաև նպաստում է պետական-մասնավոր գործընկերային էկոհամակարգի կայացմանը։

ITU կիբեռվարժանքը դարձել է միջազգային համագործակցության հարթակ, որն օգնում է բարելավել Հայաստանի կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների մասնագետների կարողությունները, սերմանել պաշտպանության համընդհանուր մշակույթ, որտեղ յուրաքանչյուր կառույց և ընկերություն մասնակցում է ազգային դիմակայունության ամրապնդմանը։ 

Դիմակայունությունը կառուցվում է համագործակցության միջոցով։ Աշխատելով միասին մենք կառուցում ենք ոչ միայն ապահով համակարգեր, այլև հուսալի ապագա մեր քաղաքացիների և բիզնեսի համար։