Հայտարարություններ

Նախամրցութային շուկայի ուսումնասիրություն. առցանց բաց քննարկում

ապրիլի 23, 2026

Ներածություն

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ) ՀՀ կառավարության հանձնարարականով իրականացնում է «Կառավարության ՏՏ ծառայությունների փոխակերպման նախագիծը» (GITS)։  

Նախագիծը նպատակ ունի պետական մարմիններում վերջնական օգտագործողի ՏՏ միջավայրը (աշխատակիցների համակարգիչներ/աշխատատեղեր և դրանց սպասարկումը) բերել միասնական, անվտանգ և կանխատեսելի մոդելի։

Ներկայումս պետական մարմինները հաճախ գնում են սարքավորումներ որպես առանձին ակտիվներ, այնուհետև ինքնուրույն կազմակերպում են տեղակայումն ու սպասարկումը, ինչի արդյունքում ձևավորվում են տարբերակված տեխնոլոգիական միջավայրեր, անհամաչափ սպասարկման որակ, հնացած սարքավորումներ և բարձր կիբեռանվտանգային ռիսկեր։  

Նախագծի շրջանակներում նախատեսվում է անցում կատարել ծառայությունների վրա հիմնված մոտեցման՝ երբ աշխատատեղերը և հարակից ենթակառուցվածքները տրամադրվում են որպես ծառայություն՝ վարձակալության/լիզինգային տրամաբանությամբ՝ ներառելով սարքավորումների տրամադրում, տեղակայում, տեխնիկական աջակցություն, անվտանգ թարմացումներ, մոնիթորինգ, պարբերական փոխարինում (lifecycle management) և ծառայության ավարտի/ելքի (exit/transition) կարգավորված մեխանիզմներ։ Ծառայության որակը կառավարվելու է չափելի ցուցանիշներով՝ SLA/KPI, իսկ պայմանագրային մոդելը նախատեսում է հստակ պատասխանատվություն, վերահսկողություն և հաշվետվություն։  

Նախագիծը կիրականացվի փուլային եղանակով։ 2026 թվականի ընթացքում նախատեսվում է հստակեցնել պիլոտային փուլի գնման մոտեցումը և շուկայի մասնակիցների հետ քննարկել ծառայությունների շրջանակը, իրատեսական պահանջները, մատուցման մոդելները և գնային կառուցվածքները՝ հետագա մրցութային գործընթացները ճիշտ կազմակերպելու համար։ Այդ նպատակով, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Կառավարության ՏՏ ծառայությունների փոխակերպման նախագծի» (GITS) նախնական քննարկումներին։ 

Նկարագիր

Հանդիպման նպատակն է․ 

  • ներկայացնել ծրագրի նպատակները, շրջանակը և փուլայնությունը (պիլոտ + մասշտաբավորում),
  • նախնական քարտեզագրել շուկայի կարողությունները, պատրաստվածությունը և մասշտաբավորման հնարավորությունները,
  • քննարկել ծառայությունների սահմանումների, SLA/KPI մոտեցումների և գնային կառուցվածքների իրատեսական շրջանակները,
  • հստակեցնել «Տեղեկության հարցում» (RFI) հարցաշարը՝ նվազեցնելով հետագա մրցույթի ձախողման ռիսկերը։ 

Քննարկումը կկենտրոնանա հետևյալ թեմաների վրա․ 

  • WaaS (Workstation-as-a-Service) աշխատատեղերը՝ որպես ծառայություն (տրամադրում/վարձակալություն կամ լիզինգային տրամաբանություն, սպասարկում, մոնիթորինգ, պարբերական փոխարինում),
  • DaaS (Desktop-as-a-Service / VDI)՝ վիրտուալ աշխատատեղերը՝ որպես ծառայություն (կիրառելիության դեպքեր),
  • Network equipment-as-a-Service՝ ցանցային սարքավորումները՝ որպես ծառայություն,
  • Printing equipment-as-a-Service՝ տպիչ սարքավորումները՝ որպես ծառայություն,
  • VoIP/Conference equipment-as-a-Service,
  • SLA/KPI, տեղեկատվական անվտանգություն, մոնիթորինգ/հաշվետվություն, պայմանագրային կառավարում և exit/transition մոտեցումներ,
  • փուլայնություն՝ պիլոտային մոտեցում և հետագա մասշտաբավորում։ 

Քննարկման ձևաչափը և կարգը

Քննարկումը կկայանա ապրիլի 28-ին, ժամը 12:00-ից մինչև 13:00-ը (GMT+4), առցանց ձևաչափով։

Գրանցվելու և առցանց մուտքի հղումը ստանալու նպատակով խնդրում ենք անցնել հետևյալ հղումով։ 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝  +374 95 565 159 կամ կապ հաստատել info@isaa.am էլ․ փոստի հասցեի միջոցով։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ սույն հրապարակումը չի հանդիսանում մրցույթի հայտարարություն, առաջարկ ներկայացնելու հրավեր կամ որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն ստեղծող փաստաթուղթ։ Տրամադրվող տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես ներքին վերլուծության, պահանջների հստակեցման և ծրագրի նախապատրաստման նպատակներով և չի կարող ազդել ապագայում հնարավոր մրցութային գործընթացներին մասնակցելու իրավունքների վրա։

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում Ձեր ժամանակի և համագործակցության համար։