Հայտարարություններ

Շուկայի նախնական ուսումնասիրություն. առցանց բաց քննարկում

հուլիսի 14, 2026

Ներածություն

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ), նպատակ ունենալով գնահատել շուկայում առկա լուծումները, դրանց տեխնիկական և գործառնական հնարավորությունները, ինչպես նաև կիրառելիությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում, նախաձեռնում է պետական հատվածում ժամանակակից ամպային ենթակառուցվածքների (Cloud Infrastructure) ներդրման հնարավորությունների ուսումնասիրություն։

Հաշվի առնելով պետական տեղեկատվական համակարգերի աճող պահանջները՝ անհրաժեշտ է ձևավորել անվտանգ, մասշտաբային, բարձր հասանելիությամբ և արդյունավետ կառավարվող ամպային ենթակառուցվածք, որը հնարավորություն կտա կենտրոնացված եղանակով մատուցել պետական թվային ծառայություններ, ապահովել բիզնես անընդհատությունը, կիբեռանվտանգությունը և տեղեկատվական համակարգերի արդյունավետ կառավարումը։

Նկարագիր

ՀՏՀԳ-ն հրավիրում է ամպային ենթակառուցվածքների նախագծմամբ, մատակարարմամբ, ներդրմամբ կամ սպասարկմամբ զբաղվող կազմակերպություններին մասնակցելու նախնական բաց քննարկմանը՝ ներկայացնելու շուկայում առկա լուծումները, կիսվելու փորձով և առաջարկություններով։

Քննարկումը կկենտրոնանա հետևյալ թեմաների վրա․ 

  • շուկայում առկա ամպային ենթակառուցվածքների լուծումներ,
  • տեխնիկական և գործառնական հնարավորություններ,
  • պետական կառավարման համակարգում կիրառելիության հնարավորություններ,
  • ամպային ենթակառուցվածքների նախագծման, ներդրման և սպասարկման մոտեցումներ։

Ստացված տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես տեխնիկական պահանջների ձևավորման, շուկայի հնարավորությունների գնահատման և հետագա մրցութային փաստաթղթերի մշակման նպատակով։

Քննարկման ձևաչափը և կարգը

Քննարկումը տեղի կունենա երկլեզու․

  • Տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ հուլիսի 22-ին, ժամը 10:00-ից մինչև 11:30-ը (GMT+4), առցանց ձևաչափով (հայերեն)։ Գրանցվելու և առցանց մուտքի հղումը ստանալու նպատակով խնդրում ենք անցնել հետևյալ հղումով։

  • Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից մինչև 11:30-ը (GMT+4), առցանց ձևաչափով (անգլերեն)։ Գրանցվելու և առցանց մուտքի հղումը ստանալու նպատակով խնդրում ենք անցնել հետևյալ հղումով։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 21, ժամը 18։00։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝  +374 95 565 159 կամ կապ հաստատել pr@isaa.am էլ․ փոստի հասցեի միջոցով։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ սույն հրապարակումը չի հանդիսանում մրցույթի հայտարարություն, առաջարկ ներկայացնելու հրավեր կամ որևէ իրավական կամ ֆինանսական պարտավորություն ստեղծող փաստաթուղթ։ Տրամադրվող տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես ներքին վերլուծության, պահանջների հստակեցման և ծրագրի նախապատրաստման նպատակներով և չի կարող ազդել ապագայում հնարավոր մրցութային գործընթացներին մասնակցելու իրավունքների վրա։

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում Ձեր ժամանակի և համագործակցության համար։