Ստեղծելով խելացի թվային ենթակառուցվածքներ․ Հայաստանի փորձն ու տեսլականը
հունիսի 11, 2025
Silicon Mountains 2025 Լոռի ֆորում և էքսպոյի շրջանակում տեղի ունեցավ «Խելացի թվային ենթակառուցվածքներ» թեմայով պանելային քննարկում։
Քննարկմանը Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը ներկայացրեց պետության փորձն ու տեսլականը թվային ենթակառուցվածքների ապագայի վերաբերյալ։ Գործակալության տնօրենն ընդգծեց թվային ենթակառուցվածքների ոլորտում համապատասխան օրենսդրության ընդունման արդիականությունը, որը հիմնված կլինի վստահության ու հաշվետվողականության վրա։ Նա նշեց, որ թվային ենթակառուցվածքներն այլևս միայն տեխնոլոգիական հարց չեն, այլ ազգային անվտանգություն, զարգացում և հանրային ծառայությունների որակ։
Ներսես Երիցյանն անդրադարձավ նաև տվյալների կառավարման համատեքստում պետություն-մասնավոր հատվածի համագործակցության կարևորությանը՝ այն դիտարկելով որպես թվային ենթակառուցվածքների կայուն զարգացման առանցքային պայման։
Պանելային քննարկմանը ներկայացվեցին նաև արհեստական բանականության ինտեգրման հնարավորությունները թվային ենթակառուցվածքներում առկա մարտահրավերների լուծման շրջանակում։ Քննարկման մասնակիցներն անդրադարձան մարզերում տեխնոլոգիական համայնքի ձևավորման տեսլականին ու հեռանկարներին, ինչպես նաև՝ իրականացվող կրթական ծրագրերին։ Շեշտադրվեց ջանքերի համատեղման անհրաժեշտությունը թվային հմտությունների զարգացման և նորարարության խթանման գործում։
Ֆորումը հանդիսացավ կարևոր հարթակ՝ պետություն-մասնավոր համագործակցության հենքի վրա վերհանելու ոլորտում առկա մարտահրավերները, քննարկելու դրանց հնարավոր լուծումներն ու առաջիկա քայլերը: