Ծառայությունների թվայնացման սկզբունքների ներդրումը. գործնական ուղեցույց
Սեպտեմբեր 2023 թ․, ՀՏՀԿ
Ծառայությունների թվայնացման սկզբունքների ամփոփ նկարագիր՝ ներառյալ տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարելի է դրանք ներդնել տեխնիկական և գործնական տեսանկյունից: Սկզբունքների պաշտոնական ներդրումն ակնկալվում է ոլորտային քննարկումներից հետո։
Օգտատիրոջ փորձառություն և ծառայություններ
Հայաստանի թվային ճարտարապետությամբ անչափ կարևորվում է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և դրանց մատուցման միասնական մոտեցման պահպանումը։
Այս մոտեցման հիմնական գաղափարն այն է, որ ծառայությունները պետք է ստեղծվեն միասնական սկզբունքներով (ինչպես նախագծման, այնպես էլ որակի վերահսկման առումով), իսկ պետական մարմիններն իրենք պետք է հաշվետու և պատասխանատու լինեն իրենց մատուցած ծառայությունների համար:
Ծառայությունների մատուցման այս ապակենտրոնացված մոդելը Հայաստանին թույլ կտա ամրապնդել իր ինստիտուցիոնալ կարողությունները՝ քաղաքացիներին բարձրորակ հանրային ծառայություններ մատուցելու նպատակով:
Ծառայությունների մատուցման այս ապակենտրոնացված մոդելն իրագործելու համար Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը ձևավորել է «Օգտատիրոջ փորձառության և ծառայությունների մատուցման» ուղղությունը, որի հիմնական նպատակներն են՝
- աջակցել պետական մարմիններին՝ մատուցելու բարձրորակ, մարդակենտրոն թվային ծառայություններ,
- աջակցել պետության մակարդակով օգտատերերի փորձառության այնպիսի ստանդարտների ներդրմանը (և հետագա մշակմանը), ինչպիսիք են «Ծառայությունների թվայնացման սկզբունքները» և «Հենակետ» պաշտոնական դիզայն-համակարգը,
- ստեղծել նոր ստանդարտներ՝ համագործակցելով ՀՀ կառավարության հետ,
- աջակցել պետական մարմիններին՝ իրենց ծառայությունները հասանելի դարձնելու հասարակության բոլոր շերտերին։
Ծառայությունների մատուցման և օգտատերերի փորձառության թիմը նաև աջակցում է Հայաստանի «Հանրային կառավարման բարեփոխումների» ռազմավարության իրագործմանը ծառայությունների մատուցման համատեքստում՝
- համակարգելով թվային փոխակերպման միջգերատեսչական պիլոտային նախագծերը՝ հիմնված կյանքի իրադարձությունների վրա (Տես՝ «Կյանքի իրադարձություններ». թվային բարեփոխումների պիլոտային նախագծեր)
- անհրաժեշտության դեպքում տրամադրելով աջակցություն թվայնացման նախագծերի իրագործմանը,
- ապահովելով գիտելիքների ու փորձի փոխանակումը պետական մարմիններում թվայնացման կարողությունների ձևավորման ուղղությամբ։
Օգտատերերի փորձառության և թվայնացման ստանդարտների միասնական մոտեցումների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել «Թվայնացման ուղեցույցի» պաշտոնական կայք: