Ֆիզիկապես մատուցվող ծառայությունների գնահատման համակարգի գաղափարների մրցույթ
September 12, 2025
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ) հայտարարում է գաղափարների մրցույթ՝ քաղաքացիներին ֆիզիկապես մատուցվող ծառայությունների գնահատման թվային համակարգի ստեղծման համար։
Մեր նպատակը պարզ է. յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա գնահատել այն ծառայությունը, որից օգտվել է։
Թվային եղանակով մատուցվող ծառայությունների գնահատման համար ՀՏՀԳ-ն արդեն իսկ մշակել է լուծում: Այժմ փնտրում ենք գաղափարներ ֆիզիկական ծառայությունները գնահատելու նոր լուծման մշակման համար։
Ֆիզիկապես մատուցվող ծառայությունների գնահատման գործող համակարգը հասանելի է Gnahatir.am հղումով։ Գաղափարների մրցույթի շրջանակներում ակնկալում ենք ստանալ՝
- առաջարկներ գործող թվային համակարգի (Gnahatir.am) բարելավման վերաբերյալ
ԿԱՄ - բոլորովին նոր համակարգի մշակման գաղափարներ։
Ստեղծվող թվային լուծման միջոցով պետք է ստացվեն տվյալներ ֆիզիկապես մատուցվող ծառայություններից օգտատերերի գոհունակության վերաբերյալ։ Ստացվող տվյալներին ներկայացվող որակական նվազագույն պահանջները կցված են (դրանց վերաբերյալ առաջարկներ ևս ընդունվում են)։
Մասնակիցներին խորհուրդ ենք տալիս այցելել պետական ծառայություն մատուցող տարբեր գրասենյակներ՝ ավելի լայն և բազմակողմանի պատկերացում կազմելու համար։
Ներկայացվող առաջարկը պետք է ներառի համակարգի նկարագիրը (առավելագույնը 15 էջ) և ներկայացումը (Presentation):
Ընտրված գաղափարների հեղինակները կհրավիրվեն ՀՏՀԳ՝
- 1 ժամ ներկայացում,
- 1 ժամ հարց-պատասխան ֆորմատով։
Գաղափարները ընդունվում են մինչև 2025 թվականի հոկտեմբերի 15-ը։
Ուղարկեք ձեր առաջարկները info@isaa.am էլեկտրոնային փոստի հասցեին։