Հանրակրթական դպրոցներում մեկնարկել է կիբեռանվտանգության իրազեկման արշավը
November 03, 2025
Հանրակրթական դպրոցներում մեկնարկել է ազգային կիբեռանվտանգության իրազեկման արշավը, որի նպատակն է բարձրացնել կիբեռանվտանգության իրազեկվածությունը 6-9-րդ դասարանների աշակերտների, ուսուցիչների և ծնողների շրջանում։
Ծրագրի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 31-ին ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում, որին մասնակցում էին շուրջ 300 աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ Լոռվա մարզի համայնքային դպրոցներից։
Արշավն իրականացնում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ։ Արշավի շրջանակում նախատեսվում է ունենալ 20-ից ավելի մարզային հանդիպումներ, որոնց մի մասը հանրակրթական դպրոցներում, իսկ մի մասը՝ ՔՈԱՖ, ԹՈՒՄՈ, Ֆաբ Լաբ կրթական հաստատություններում։ Յուրաքանչյուր հանդիպմանը կներգրավվի մոտ 300 մասնակից՝ ընդհանուր թիրախավորելով 6000-ից ավելի մասնակցի:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել բանախոսությամբ՝ անդրադառնալով կիբեռանվտանգության, տվյալների պաշտպանության, արհեստական բանականության կիրառությունների, դիպֆեյք տեխնոլոգիաների և ապատեղեկատվության թեմաներին։
Նախարարը նշել է, որ կիբեռանվտանգությունը համատեղ պատասխանատվություն է՝ աշակերտների, ծնողների, ուսուցիչների, մասնագետների և Կառավարության միջև։«Արշավը միտված է ձևավորելու կիբեռանվտանգության մշակույթ թե՛ դպրոցականների, թե՛ մեծահասակների շրջանում։
Մեր նպատակն է կիբեռանվտանգությունը դարձնել ոչ միայն տեխնիկական գիտելիքի, այլև մտածողության, պատասխանատու վարքագծի և քննադատական ընկալման ձև։ Այս նախաձեռնությունը կօգնի մեր քաղաքացիներին դառնալ ավելի տեղեկացված, քննադատական և պատասխանատու առցանց միջավայրում՝ դարձնելով նրանց առավել գրագետ թվային աշխարհում»,– ասել է նա։
Ծրագիրը համադրում է ինտերակտիվ ուսուցումը և իրական օրինակները՝ կիբեռանվտանգությունը դարձնելով հասանելի, հետաքրքիր և անմիջապես կիրառելի աշակերտների համար։ Մասնակիցներին ներկայացվելու է կիբեռանվտանգության կարևորությունը համաշխարհային և հայաստանյան համատեքստում, իսկ յուրաքանչյուր հանդիպում ամփոփվելու է քննարկումներով՝ նվիրված արհեստական բանականության դերին, դիպֆեյքերի և ապատեղեկատվության վտանգներին։
Իրազեկման արշավի շրջանակում կներկայացվեն ԲՏԱ նախարարի և AM-CERT (Ազգային կիբեռ միջադեպերի արձագանքման) թիմի փորձագետների կողմից մշակված տեղեկատվական նյութեր, ելույթներ, ինչպես նաև կանցկացվեն ինտերակտիվ քննարկումեր, գլուխկոտրուկներ և խաղեր: