«Երիտասարդ մասնագետների ներգրավման» ծրագրի շրջանավարտ Նարեկի պատմությունը
փետրվարի 02, 2026
Թվային վերափոխումը պարզ և դյուրին ճանապարհ չէ․ Նարեկը պատմում է սեփական փորձառության, հաղթահարած մարտահրավերների ու ապագայի մասնագիտություն ընտրելու մասին։
Մանկուց երազել էր ոստիկան դառնալ ու մարդկանց օգնել, բայց կյանքի որոշ հանգամանքներ թույլ չէին տվել այդ ճանապարհով գնալ։ Մի բան միայն հստակ գիտեր՝ ուզում էր իր աշխատանքով իրական արժեք ստեղծել երկրի համար։ Ոգեշնչված այս նպատակով՝ 3 կուրսում՝ համալսարանական ուսմանը զուգընթաց, դիմեց «Երիտասարդ մասնագետների ներգրավման» ծրագրին և սկսեց իր ուղին ՀՏՀԳ-ում։
Երբ միացավ Գործակալության թիմին, մեքենայի առուվաճառքի թվայնացման գործընթացն արդեն մեկնարկել էր։ Կյանքի իրադարձությունների թվայնացումը համապարփակ ծրագիր է ու պահանջում է կարողությունների լայն շրջանակ: Միանալով «Օգտատիրոջ փորձառության և ծառայությունների մատուցման» թիմին, սկսեց ուսումնասիրել բոլոր հնարավոր ուղղությունները, որոնցով կկարողանար իր ներդրումն ունենալ: Առաջին իսկ նախագիծն իրեն ստիպեց սովորել այնպիսի արագությամբ ու ինտենսիվությամբ, որին հազիվ էր պատրաստ՝ ծրագրավորումից մինչև նախագծի ու շահագրգիռ կողմերի կառավարում։
Նարեկը խոստովանում է, որ առաջին ամիսներին հայտնվել էր մարտահրավերների կիզակետում։ Պետք էր սովորել շատ արագ՝ frontend ծրագրավորումից մինչև թիմային աշխատանք և նախագծի կառավարում։ Այսօր Նարեկը full-stack ծրագրավորող է, մասնակցում է վեբ ծառայությունների ամբողջական ստեղծմանը՝ գաղափարից մինչև գործարկում։ Բայց կարևորագույն փոփոխությունը միայն մասնագիտական բնույթի չէր։
Այս ամբողջ գործընթացը միայն ծրագրավորման մասին չէր։ Սկզբում ըմբոստանում էր, երբ տեխնիկականից զատ այլ գործընթացներում էր ներգրավվում, բայց շատ արագ հասկացավ, որ իրական փոփոխության հասնելու համար պետք է սովորել տարբեր ուղղություններով, զարգացնել «փափուկ» հմտությունները։ «Պետք է կատարելագործվեի բոլոր ուղղություններով։ Տեխնիկական գիտելիքները չէին բավականացնում։ Հարկավոր էր արդյունավետ հաղորդակցվել, սերտորեն համագործակցել, վերահսկել գործընթացները․․․»,-նշում է նա։
Եթե սկզբում նա իրեն տեսնում էր պարզապես որպես ծրագրավորող, ապա ծրագրի ընթացքում հասկացավ, որ ուզում է զբաղվել նաև կառավարմամբ․ «Հարկավոր էր վերահսկել գործընթացները, տիրապետել իրավիճակին, հակառակ դեպքում չէիր հաջողի»,- նշում է Նարեկը։ Նա սկսեց հետաքրքրվել ճարտարագիտական կառավարման ոլորտով՝ հասկանալով, որ իրական ազդեցություն ունենալու համար պետք է ունենալ լայն մտահորիզոն ու տարբեր հմտություններ։ Պետք է առօրյա առաջադրանքներից բացի տեսնել գործընթացների ամբողջական պատկերը:
Վերջերս Նարեկը պարգևատրվեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից՝ համագործակցության, թվայնացման բարեփոխումների իրականացմանը և հանրային ծառայությունների մատչելիության բարձրացմանն ուղղված իր ջանքերի համար։
«Երիտասարդ մասնագետների ներգրավման» ծրագիրը պարզապես ուսուցում չէ։ Այն հնարավորություն է աշխատել իրական նախագծերի վրա, տեսնել քո աշխատանքի ազդեցությունը և ձևավորել քո մասնագիտական ուղի` գործնական փորձառությամբ։
Եթե ուսանող ես և դեռ չգիտես՝ կոնկրետ ինչ մասնագետ ես ուզում դառնալ, Նարեկի պատմությունը հուշում է․ ՀՏՀԳ-ում դու կարող ես փորձել, սխալվել, սովորել, նորից սխալվել և, ի վերջո, գտնել քո ճանապարհը։