Announcements

ՀՀ Ազգային ժողովն ընտրեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահին և երկու անդամներին

March 27, 2026

ՀՀ Ազգային Ժողովի Ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի 2026 թվականի մարտի 26-ին գումարված հերթական նիստի ընթացքում Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Ներսես Երիցյանը։

Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովն ինքնավար կարգավորող մարմին է, որն ապահովում է տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների մշակման աշխատանքները և համակարգում տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների իրականացումը, մշակում է տեղեկատվական համակարգերի թվային ճարտարապետությունը:

Հանձնաժողովի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության միասնական, կիբեռանվտանգ թվային միջավայրի ձևավորման և զարգացման համար կարգավորող իրավական դաշտի ապահովումն է, որը հնարավորություն կտա պետական տեղեկատվական համակարգի միջոցով քաղաքացիներին մատուցել թվային հարմարավետ ծառայություններ։

Ելույթ ունենալով՝ Ներսես Երիցյանը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը վստահության և իր թեկնածությունն այդ կարևոր պաշտոնում առաջադրելու համար, ներկայացրել այդ պաշտոնում ընտրվելու պարագայում իր գործունեության տեսլականն ու պատկերացումները, խոսել թվային վերափոխման, մրցունակ թվային հասարակություն եւ տնտեսություն ձևավորելու գործընթացից, անդրադարձել կիբեռանվտանգության ապահովման հարցին, ոլորտում առկա մարտահրավերներին և այլ հարցերի:

«Ձեր վստահությանն արժանանալուց հետո պատրաստ եմ իմ հանրային և կորպորատիվ կառավարման գիտելիքները, փորձը և լավագույն միջազգային փորձառությունը ներդնել, որպեսզի հանձնաժողովի անդամների հետ համատեղ ձևավորենք օրինակելի և մրցունակ  հանրային կառույց»,- ընդգծել է նա:

Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Սրբուհի Հակոբյանը և Նաիրի Ադամյանը

Սրբուհի Հակոբյանը ներկայացրել է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի գործունեության իր տեսլականը, մանրամասնել այս ոլորտում իրականացվելիք առանցքային քայլերը: Ըստ նրա` տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմինը պետք է ապահովի անհրաժեշտ ճկուն և բարենպաստ կանոնակարգերի ընդունումը, աշխատի այն ուղղությամբ, որ հանրության յուրաքանչյուր անդամ նախընտրի օգտվել պետության մատուցող թվային ծառայություններից:

Սրբուհի Հակոբյանի համոզմամբ այդ ծառայությունները պետք է լինեն հարմարավետ, ժամանակը խնայող թե՛ քաղաքացիների, թե՛ պետական մարմինների: Նա նաև հավելել է, որ նորաստեղծ մարմինը հանրության համար բարենպաստ պայմաններ պետք է ստեղծի՝ ձեռք բերելու այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են թվային դարաշրջանում քաղաքացի և թվային ոլորտի աշխատող լինելու համար: Նա խոսել է թվայնացման ոլորտում հեղափոխական փոփոխություններ չիրականացնելու պատճառների մասին, կարևորել տվյալահեն եւ մարդակենտրոն ծառայությունները, արդյունավետ թվային ճարտարապետության կառուցումը, վերջին շրջանում բարենպաստ օրենսդրական միջավայրի ապահովումը: Անդրադարձ է եղել միասնական թվային ճարտարապետության ձևավորմանն ուղղված աշխատանքներին, թվայնացման համատեքստում կրթության ռազմավարական նշանակությանը:

Նաիրի Ադամյանը շնորհակալություն է հայտնել Կառավարությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Նրա դիտարկմամբ Հայաստանում վերջին տարիներին շատ է խոսվում թվայնացման մասին, իսկ զարգացած տնտեսություններում այս գաղափարը դադարել է լինել սոսկ տեխնիկական հարց՝ ընդգծելով, որ տվյալները, դրանց հիման վրա աշխատող թվային համակարգերը և այս ամենի անխափան աշխատանքն ապահովող կիբեռանվտանգությունն այլևս դիտարկվում են որպես ինստիտուցիոնալ ենթակառուցվածք՝ դառնալով նաև ժամանակակից տնտեսության և պետական կառավարման հիմքը:

Նաիրի Ադամյանը նշել է, որ միջազգային խոշոր բիզնեսի համար այս համակարգերի կայացվածությունն ու պաշտպանվածությունը դարձել է ներդրումային քաղաքականության կարևորագույն և որոշիչ գործոններից մեկը: «Իմ ընկալմամբ թվայնացումը ոչ թե ինքնանպատակ է, այլ միջոց. այն կառավարումը, այդ թվում՝ պետական կառավարումն ավելի արդյունավետ, կանխատեսելի, հաշվետու և, ի վերջո, ավելի մարդակենտրոն դարձնելու գործիք է»,- ասել է նա՝ շեշտելով, որ թվային ծառայությունները հաջողվում են բացառապես այն դեպքում, երբ դրանք կառուցված են մարդու իրական փորձառության տրամաբանությամբ: Նաիրի Ադամյանը, խոսելով թվային համակարգերի մասին, ընդգծել է, որ այդ համակարգերը պետք է կառուցվեն կայուն, անվտանգ և մասշտաբային տեխնոլոգիական հիմքի վրա ու զարգանան՝ ելնելով օգտատիրոջ կարիքներից ու փորձառությունից: Ըստ նրա՝ օրենսդրությունը և տեխնոլոգիական լուծումները պետք է զարգանան փոխկապակցված՝ բխելով պետական միասնական քաղաքականությունից:

Նաիրի Ադամյանն անդրադարձել է հանձնաժողովի գործունեությանն ու առաքելությանը՝ ընդգծելով թափանցիկության ապահովման կարևորությունը: